Ես չեմ երազում Վանոյի վերադարձը. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ օրերս արած իր հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթել է ռուսական զենքի շնորհիվ:«Ես ասել եմ էն, ինչ մեր աչքի առաջ տեղի է ունեցել: Եթե որևէ մեկն իսկապես կարող է ինձ ապացուցել, որ կարելի է այսօր դատարկ ձեռքերով պատերազմ անել, ուրեմն ես լրիվ ուրիշ մոլորակի վրա եմ ապրում: Թող այդ մեկը հայտնվի և դա ասի, բայց ասել հանուն ասելու, լեզուն ոսկոր չունի, ինչ ուզում ասում են, այդպես չէ»,- նշեց Ռուստամյանը: Ինչպես ասաց՝ ՀՅԴ-ն հենց առաջին օրերին եղել է ապրիլյան պատերազմի թեժ կետերում: Այնուհետև անդրադառնալով երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությանն ու ընդհանրապես կրիմինոգեն իրավիճակի հետ կապված Վանո Սիրադեղյանի վերադարձի անհրաժեշտությանը՝ Արմեն Ռուստամյանը նշեց. «Պարոն Գասպարյանն իր չափով պիտի իր պատասխանատվությունն ունենա։ Իսկ ես չեմ երազում Վանոյի վերադարձը։ Որովհետև էնպես չէ, որ էն ժամանակ չէին սպանում։ Եթե Վանոն վերադառնա, նույնն է լինելու։ Ուղղակի եղածը բոլորս միասին պետք է շտկենք»:
