«Երեկվա կրակոցները ներքաղաքական ռազբորկա է». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Վերնիսաժի հարևանությամբ հնչած կրակոցներին և նշեց, թե շատ մարդկանց հետաքրքրում է` ինչո՞ւ իշխանությունները չեն կասեցնում քրեական հեղինակությունների երթը:
«Երեկ Երևանում տեղի ունեցավ մի խայտառակ իրադարձություն և Երևանը ցնցվեց կրիմինալից: Շատերը հարց են տալիս, թե ինչու են այդ կրիմինալները զինված շրջում և իրավապահները չեն կանգնեցնում: Ես համոզված եմ, որ այդ ռազբորկայի մասնակիցները վերջին ընտրություններում լրջագույն ծառայություններ են մատուցել իշխանությանը: Նրանք իրենց զգում են որպես իշխանության մաս և ՀՀԿ-ի հենարան: Որևէ զարմանալի բան չկա, որ մարդասպանները ՀՀ-ում կարող են ազատ շրջել: Ծիտ մականունով մի անձնավորություն, ով հետախուզվում էր կեղծ փաստաթղթերով գույք մասնավորեցնելու հետ կապված, հայտնաբերեցին և որոշեցին տեղափոխել ոչ թե ՔԿՀ, այլ Երևանի ավագանի»,- ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ երեկվա կրակողներն ուղղակի կամ առնվազն անուղղակի կապ ունեն Ալավերդու քաղաքապետի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություների հետ. «Դա ներքաղաքական ռազբորկա է»:
