Այն ինչ մենք նախատեսել էինք այդ հունով գնում է. Շարմազանովը Կարապետյանի մեկամյա գործունեության մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։«Եղել է մանրակրկիտ հաշվետվություն և կուսակցությունը դրական է գնահատում Կարապետյանի կաբինետի Հանրապետական և դաշնակցական կոալիցիոն կառավարման այս մեկամյա գործունեությունը: Հստակ թվեր են ամրագրված և այն ինչ մենք նախատեսել էինք այդ հունով գնում է: Վեց տոկոսից ավել ակտիվություն կա: Արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ կա: Տուրիզմի աճ կա և կարող ենք ասել, որ թե ԵԱՏՄ շուկայում և թե եվրոպական, իրանական շուկայում արտահանումը ավելացել է»: Ինչպես ասաց՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի խոստացած 830 միլիոն դոլարի ներդրումների 45 տոկոսն արդեն ապահովված է. «Մենք դրական ենք գնահատում կառավարության գործունեությունը, իսկ այն ցուցանիշները, որոնք ամրագրված են բյուջեում, իրականացված են»:
