Բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդես նորից կբացվի՞
«Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի թեմայի առնչությամբ Մշակույթի նախարարությունը որեւէ առարկություն չունենք:Այդ ցուցահանդեսը փակվել է, քանի որ նախապես համաձայնեցված չի եղել նախարարության հետ: Ցանկացած ցուցադրությունից առաջ, լինի ժամանակավոր, թե մշտական, թանգարանը պետք է համապատասխանեցնի մշակույթի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին: Սուբսիդիայի պայմաններում կամ առանձին համաձայնեցված ոչ մի պայմանավորվածություն չի եղել նախարարության հետ: Մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային ներքին կանոնակարգին է վերաբերում»,-կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ թանգարանի տնօրինությանը նրանք առաջարկել են նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնել, ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից վերաբացել. «Բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք, կարող է վերաբացվել հենց նույն բովանդակությամբ», – շեշտեց նախարարը:
