Իրանում այսօր «լռության օր» է
Իրանում փետրվարի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «լռության օր» է: Քարոզչությունն արգելված է փետրվարի 24-ի երեկոյան ժամը 20.00-ից: Իրանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուների թիվը 5550 է: Իրանի քաղաքացիները պետք է ընտրեն Մեջլիսի 290 պատգամավորների, 4 տարի ժամկետով: Միաժամանակ, ուղիղ քվեարկության միջոցով 161 թեկնածուներից պետք է ընտրվեն 88 աստվածաբաններ եւ շարիաթի գիտակներ՝ փորձագետների խորհրդում, 8 տարի ժամկետով: Ընդհանուր առմամբ, Իրանի այս խորհրդարանական ընտրություններում հակամարտող կողմերն են մի կողմից չափավոր եւ բարեփոխական գործիչների ու կուսակցությունների կոալիցիան, մյուս կողմից պահպանողականների միասնական կոալիցիան, որոնք կողմնակից են իսլամի սկզբունքների խիստ պահպանմանը: Պահպանողականներն իրենց քարոզարշավը կառուցել են երկրի նախագահ Հասան Ռոհանիի չափավոր կառավարության քննադատության վրա: Իրենց հերթին, չափավոր բարեփոխականները քարոզարշավի ժամանակ պաշտպանում են կառավարությանն ու նրա բարեփոխումները՝ ուղղված դրսի ներդրումների միջոցով արտադրության արդիականացմանը: Քարոզչությունն արգելված է փետրվարի 24-ի երեկոյան ժամը 20.00-ից:
