Ինչ լուծում կստանա ՌԴ-ում սեւ ցուցակում հայտնված հայերի հարցը
ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ ստորագրված ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու հարցն է քննարկվում խորհրդարանում: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց, որ սա գործիք ծառայող փաստաթուղթ է, որտեղ սահմանվում են դետալներ, տեխնիկական հարցեր են լուծվում, մասնավորապես՝ ովքեր են կոնտակտային մարմինները, հասցեները, ֆինանսական հարցերը, ինչ ճանապարհներով պետք է իրականացվի ուղեկցումը եւ այլն: Այնուհետև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց, թե ինչ է անում մեր երկիրը, երբ ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ արգելվում է, եւ մարդիկ իրենց ընտանիքի հետ հանդիպելու հնարավորություն չեն ունենում։ «Մենք ի՞նչ մասշտաբի խնդրի հետ գործ ունենք, ինչքանո՞վ է այդ գործընթացը համապատասխանում ԵԱՏՄ շրջանակներում գործող իրավակարգավորումներին: Ինչպե՞ս կարող ենք մենք այդ մարդկանց օգնել: Խոսքը այն մասին է, որ երկար ժամանակ ՌԴ-ում բնակվող քաղաքացիները գալիս են Հայաստան, այց են կատարում եւ երբ հետ են վերադառնում, պարզվում է, որ իրենց մուտքը Ռուսաստան փակ է: Ընտանիքի մի մասը այստեղ է, մի մասը այնտեղ եւ տարիներով իրար չեն տեսնում»,- հարցրեց Փաշինյանը: Հարցին ի պատասխան Եգանյանն ասաց, որ այո, կան սև ցուցակներում հայտնված ՀՀ քաղաքացիներ, և քաղաքացին նման դեպքերում պետք է դիմի հենց այս ծառայությանը։ Արդեն 6000 դեպքում ծառայության խնդրանքը բավարարվել է՝ կախված հանգամանքներից։
