Դե վսյո, նայեք, որպեսզի նկարչություն չլինի. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին:
Վարչապետն ընդգծեց, որ խոսքը 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին է: Նա հիշեցրեց, որ դեռևս մայիսին տրվել էր հանձնարարական, որպեսզի կազմեն ցանկն այն գյուղացիների, ովքեր դեռևս պարտքեր ունեն:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն ու մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերի ցուցակները ներկայացնեն, սակայն դեռևս հստակ չկան ցուցակները, քանի որ մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են լինում, նորից հետ են տալիս, նորից լրացումներ կատարում:
«Դեռևս հստակ չկան ցուցակները, քանի որ մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են լինում, նորից հետ ենք տալիս, նորից լրացումներ կատարում: Մինչև չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու ներկայացնել կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար»,-ասաց գյուղատնտեսության նախարարը:
«Այս տարի սուբսիդավորման սերմ, պարարտանյութ, դիզվառելիք, դրանց մեխանիզմների տրամադրման ժամանակ ֆինանսական կարգապահությունը 100 տոկոսվ է եղել: Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որոնք կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը», - հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Նա հորդորեց մարզպետներին մեկ ամսվա մեջ կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը ու ներկայացնել:
«Այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ: Դե վսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը, նայեք, որպեսզի նկարչություն չլինի », - նշեց վարչապետը:
