Ունենք միայն տոնածառի պուճուր խաղալիքներ. իշխանություն չի փոխվել առանց բռնությունների
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանն էլ հարակից զեկուցող էր: Նա միակն էր եղել հանձնաժողովում, որ դեմ էր քվեարկել համաձայնագրին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստին հայտարարեց, որ դա ժողովրդավարության դասական օրինակ է, որ հանձնաժողովը մեկ դեմ ձայնով տվել է դրական եզրակացություն, բայց տվել է հնարավորություն, որ այդ դեմ քվեարկողը լինի նախագծի հարակից զեկուցողը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմելով ԱԺ նախագահին՝ նշեց. «Պարոն Բաբլոյան, ժողովրդավարության գենետիկ բնորոշումը, դա իշխանության փոփոխության հնարավորությունն է՝ առանց բռնությունների: Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ի անկախության ողջ պատմության ընթացքում բոլոր ընտրություններում հաղթել են գործող իշխանությունները, սա ամենակարևոր լակմուսն է ՀՀ-ն որպես ժողովրդավար երկիր գնահատելու համար: Պուճուր աքսեսուարներ ունենք, տոնածառի փոքր խաղալիքների նման, որ կանխենք ասենք էս ա, բայց մեծ հաշվով ոչ մի էական փոփոխություն դրանից չկա»: Այնուհետև Փաշինյանը հետաքրքրվեց, թե որն է եղել պատճառը, որ հանձնաժողովում Զեյնալյանը դեմ է քվեարկել: «Օրենքի որակի հետ է կապված եղել իմ դեմ լինելը, որ մշակողները հետևություն անեն և նորմալ օրենք ներկայացնեն»,-ասաց Զելանյանը:
