Որեւէ հեղինակությունից մի վախեցեք. Կարեն Կարապետյան
Հայ-ռուսական համալսարանում անցկացվող «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ երբ բախվում ես իրականությանը, տեսնում ես, որ դասական համարվող լուծումներն ու տեսությունները երբեմն գործնականում չեն աշխատում: «Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը, կարծում եմ, շատ հետաքրքրիր մարտահրավեր է: Պետք է ֆիքսենք, որ ապրում ենք չափազանց հետաքրքրիր ժամանակաշրջանում: Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի, թե՛ խոշոր ընկերությունում, թե՛ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն: Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ եւ խելացի Հայաստան»,-ասաց վարչապետը: Այնուհետեւ դիմելով երիտասարդներին` Կարեն Կարապետյանը նշեց. «Որեւէ հեղինակությունից մի վախեցեք, ձեր կարծիքը միշտ հայտնեք, ամեն առավոտ զարթնելուց ուրախացեք, որ այս օրը կարող եք մի բան փոխել»:
