Էրդողանի շռայլ ժեստերը ՆԱՏՕ-ին ու Արևմուտքին

Էրդողանը համաձայնեց սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Վերջին մի քանի օրերը կարելի է նշանավորել որպես Էրդողանի կողմից դեպի Արևմուտք իրագործած շռայլ քայլերի մի շքերթ...

Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը, փաստորեն, ընդհանուր հայտարարի եկան Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

«Ես ուրախությամբ ազդարարում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ Նա նաև համաձայնել է սերտորեն աշխատել թուրքական խորհրդարանի անդամների հետ՝ արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով», - ըստ «Ազատության» հայտնեց Ստոլտենբերգը։

«Սա լավ օր է Շվեդիայի համար», - բանակցությունների ավարտին հայտարարում էր այդ երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ հատուկ ընդգծելով, որ Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը Ստոկհոլմը կարողացել է հասնել «առանց հավելյալ զիջումների»։
Ուշագրավ է, սակայն, որ երեկ ողջ օրվա ընթացքում գրեթե ոչինչ իրադարձությունների զարգացման նման սցենար չէր նախանշում։ Հակառակը` թվում էր, թե Շվեդիայի անդամակցության հարցում կողմերը վերջնականապես փակուղի են մտել։ Նման կարծիքներ էին հնչում հատկապես Էրդողանի՝ Վիլնյուս մեկնելուց առաջ արված հայտարարությունների ֆոնին։

«Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք, մեր հերթին, կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ` այնպես, ինչպես արել ենք Ֆինլանդիայի պարագայում», - Վիլնյուս մեկնելուց առաջ հայտարարել էր Էրդողանը։
Թուրքիայի նախագահի օդանավը դեռ վայրէջք չէր կատարել Լիտվայի մայրաքաղաքում, երբ հնչեցին առաջին հակադարձումները։ Առաջինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր։

«Ես կողմ եմ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու ձգտմանը։ Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում իր անվտանգության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին։ Դրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ Ստոկհոլմը կատարել է անցած տարի Մադրիդում ստանձնած պարտավորությունները», -նշեց Ստոլտենբերգը։

Վաշինգտոնում ևս վստահ են, որ այս երկու հարցերը հարկավոր է միմյանցից անջատ դիտարկել։ Երեքշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին էր հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ աջակցել է Եվրամիության Թուրքիայի անդամակցության ձգտումներին, և մենք շարունակում ենք դա անել։ Դա, այդուհանդերձ, Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ, սա խնդիր է, որի լուծումը պետք է գտնեն Եվրամիությունը և Թուրքիան։ Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարծում, որ այս հարցը պետք է խոչընդոտ հանդիսանա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու ճանապարհին», - ասաց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

ԵՄ ղեկավար մարմիններից ևս հիշեցնում էին՝ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկու առանձին գործընթացներ են, որոնք միմյանց հետ խաչվել պարզապես չեն կարող։ «Եվրամիության ընդլայնման գործընթացը շատ հստակ կառուցվածք ունի, այն շատ հստակ քայլեր է պարունակում։ Դրանք պետք է ձեռնարկվեն բոլոր թեկնածու երկրների կողմից, և [Էրդողանի կողմից հիշատակված] երկու գործընթացները միմյանց կապել հնարավոր չէ», - հայտարարում էր Եվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սպինանտը։

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործարքի մաս չեն, շեշտեց Ստոլտենբերգը

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումները ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործարքի մաս չեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում դաշինքի ղեկավարների հանդիպումից առաջ։ «Թուրքիան պարզորոշ հասկանալ է տվել, որ F-16-երի մատակարարումների հարցը Շվեդիայի վերաբերյալ գործարքի մաս չէ: Սակայն այդ համաձայնությունների շրջանակներում վերացվել են Թուրքիային զենքի մատակարարումների սահմանափակումները», - ասել է Ստոլտենբերգը։

«Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ», ասում էր Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն երեկ հայտարարել է, թե այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի լիդերների գագաթնաժողովում եվրոպացիներին կոչ կանի Թուրքիային ընձեռել Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, ինչից հետո Շվեդիան կստանա կարողանա միանալ ՆԱՏՕ-ին: «Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, այնպես, ինչպես մենք արել ենք Ֆինլանդիայի պարագայում»,- ասել է Էրդողանն «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում: Նա նշել էր նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու հարցը կախված է այդ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:

Այսօրվա դրությամբ Շվեդիայի հայտը չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած շաբաթ ասել է, որ կփորձի նախքան հուլիսի 11-ին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարգավորել Շվեդիայի անդամակցումը խոչընդոտող քաղաքական բարդությունները:

Թուրքիան 1999-ից է համարվում Եվրոպական միության թեկնածու, սակայն Անկարայի և Բրյուսելի բանակցությունները հայտնվել են փակուղում: Եվրոպայի ոչ բոլոր երկրներն են Թուրքիայի անդամության կողմնակիցներ: Արձագանքելով Եվրամիության մասին Էրդողանի մեկնաբանությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե լիովին սատարում է Անկարայի եվրոպական ձգտումներին, սակայն անդամակցումը ԵՄ-ին երբեք չի եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանների ցանկում:

Ինչ էին քննարկել Բլինքենն ու Ֆիդանը

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով երեկ քննարկել են Վիլնյուսում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցը և ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը:

Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: Պետական քարտուղարն ընդգծել է, որ «եկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու ժամանակը», և նշել է, որ «Միացյալ Նահանգներն ու Թուրքիան հետզհետե ընդարձակում են համագործակցությունը պաշտպանական բնագավառում»: Բացի այդ, Բլինքենը խոսել է ՄԱԿ-ի գծով Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու պայմանավորվածությունն անհապաղ կարգով ևս 12 ամսով երկարաձգելու անհրաժեշտության մասին և շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ այդ խնդրում սատարելու համար:

Սպասվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը

Այսօր Վիլնյուսում գումարվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը: Ենթադրվում է, որ նախագահները կքննարկեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման, F-16 մարտական օդանավերի գործարքի և ռուս-ուկրաինական պատերազմի թեմաները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 996 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել Ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ․ Սամվել դպիր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությունը վտանգավոր շրջադարձ է հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում «Բարգավաճ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների «Ուժեղ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը Բետոնախառնիչը կողաշրջվել է և բախվել տան պատին․ վարորդը փրկվել է Ռումինիայի Հայոց թեմը կոչ է արել աշխարհասփյուռ հայերին՝ պահպանել համերաշխությունը Եկեղեցու շուրջ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք և պետք է կասեցվի․ ՀԲԸՄ Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին․ Տեր Զարեհ Աշուրյան Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է աշխատակցի վրա. արձանագրվել է նրա մահը «Ձեզ չափերի մեջ պահե՛ք․․․ հեռու չի էն օրը, որ ստանալու եք վզակոթներիդ»․ Հովհաննես Շահինյան (video) Ես էլ ասում եմ՝ ջախջախել ենք. Փաշինյանից թուղթ ուզեք. Ղազինյան (video) «Դուք թուրք տեսե՞լ եք», «Ես և դուք թուրք տեսել ենք»․Արամ Վարդևանյանի եզրափակիչ խոսքի բուռն արձագանքը (video) «Հայասպանները նորից հարձակվում են, վաղը ես լինելու եմ դատարանի դիմաց՝ Վեհափառ Հայրապետի կողքին» (video) Ձեզ հիշեցնեմ՝ 1 շաբաթվա ընթացքում 5 սուտ են ասել․․․ Ռուբինյանին մի բան էր պետք․ Քրիստինե Վարդանյան (video) Ազգային խայտառակություն․․․ ՔՊ-ական Տարոն Չախոյանի խայտառակ պատասխանն՝ Արամ Վարդևանյանին (video) Տուժողին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել Պատկերացնու՞մ եք՝ Փաշինյանին դատած դատավորը դատարանի նախագահ է դառնում իր օրոք (video) Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ «Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am