Ում երազանքների մասին է խոսում Վահրամ Բաղդասարյանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` իշխող կուսակցությունը լայն լիազորություններ է վերապահելու ՀՅԴ-ին` 2018-ին վարչապետի թեկնածու ընտրելիս պարտադիր հաշվի է առնելու ՀՅԴ-ի կարծիքը, ՀՅԴ-ն պետք է առարկություններ չունենա ՀՀԿ-ի թեկնածուի հարցում, և թեկնածուն պետք է ընտրվի կոնսենսուսով։ Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Որպես կոալիցիոն գործընկեր, բնականաբար, ՀՅԴ-ի կարծիքը մեզ համար բավական նշանակալից է, մենք դա պետք է առանձին քննարկենք, հետո նաև ներկայացնենք պառլամենտի մյուս ուժերին։ Մենք չենք կարող հաշվի չնստել մեր կոալիցիոն գործընկերոջ կարծիքի հետ և քննարկումների արդյունքում պետք է գանք ընդհանուր հայտարարի»։ Բայց իրենք 5-ն են, դուք՝ մի քանի տասնյակ։ «Դա նշանակություն չունի, բնականաբար՝ մենք քանակայինով չենք առաջնորդվում, իրենք մեր կոալիցիոն գործընկերներն են, և պարտավոր ենք իրենց հետ քննարկել ցանկացած հարց, պետք է այնքան քննարկենք, մինչեւ գանք ընդհանուր հայտարարի»։ Այսինքն՝ եթե ճիշտ են այն հրապարակումները, որ «ՀՅԴ-ում երազում են, թե երբ կհեռանա Կարապետյանը», ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ Կարեն Կարապետյանը 2018-ին չի լինի վարչապետի թեկնածուն։ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ինքը ենթադրությունների չի պատասխանում․ «Իսկ այլոց երազանքները չեմ կարող մեկնաբանել, երբ քննարկում կլինի, կտեղեկացնենք»։ Մեր տեղեկություններով, սակայն, ՀՅԴ-ում Կարապետյանի հետ կապված նման դիրքորոշում ունեն հատուկենտ մարդիկ, այլ ոչ թե կուսակցությունը»։ Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
