Ինչ է ուզում Էդմոն Մարուքյանը Կարեն Կարապետյանից
Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին: « Ինձ կոնկրետ մի հարց է հուզում. Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում արևմտյան երկրներ չեք այցելում և ներդրումների համար ինչ-որ հանդիպումներ չեք ունենում, դա արդյոք պատճա՞ռ է նրա, որ Ձեզ չեն հրավիրում արևմտյան կենտրոններից, թե՞ կարող է՝ Ձեզ հրավիրում են, բայց մերժում եք: Իրականում, ես կարծում եմ՝ Ձեզ հրավիրում են, բայց այդ այցերը մենք չենք տեսնում, բայց երկու տարբերակն էլ մեր երկրի համար վատ է»: Վարչապետն էլ ասաց. «Եթե մենք չենք այցելում, դեռ չի նշանակում, որ մենք արևմտյան երկրների և այդ երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք, կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր, և այցը կլինի այն ժամանակ, երբ մենք ունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»: Մարուքյանն էլ նկատեց. «Մենք շատ ենք քննադատում կառավարության ծախսերը, և, բնականաբար, կառավարության տուրիզմին դեմ ենք, բայց մյուս կողմից՝ ինձ զարմացնում է այդ օրակարգի առարկայական չլինելը: Ձեր պատասխանից ես հասկացա, որ այս պահին չկա կոնկրետ օրակարգ՝ արևմտյան երկրներից Հայաստան ներդրումներ բերելու առումով»: «Պարոն Մարուքյան, ես այդպես չեմ պատասխանել: Ես ասել եմ՝ մենք ունենք օրակարգ մեր արևմտյան երկրների գործընկերների հետ: Օրակարգ չունենք՝ այց կատարելու: Օրակարգ ունե՞մ, գնում եմ, էլի եմ գնալու: Հենց Ամստերդամում օրակարգ ունենամ, գնալու եմ Ամստերդամ»,- ի պատասխան՝ ասաց Կ. Կարապետյանը:
