Էյ հեյ, էս ո՞ւր ենք հասել. ԱԺ պատգամավոր
ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե «սարսափելի տեղեկություն» ունի հայտնելու և անդրադարձավ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը: «Վարչական լծակների ուղղակի գործադրմամբ՝ Մշակույթի նախարարության հրահանգով փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված մի ցուցահանդես, որը նվիրված է եղել խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին: Ցուցահանդեսի փակումը ուղղակի գրաքննություն է իրականացված մշակույթի նախարարության կողմից, ոստիկանական գործառույթների ստանձնում է, և ընդունելի չէ։ Այս երևույթը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության օրոք, որի հիմնադրումը խարսխված է անկախականության վրա, նժդեհականության վրա, և Նժդեհն ինքը այդ բռնությունների զոհն էր: Ինձ մոտ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմից էս ասոցիացիան է առաջանում՝ Էյ հեյ, էս ո՞ւր ենք հասել։ Սա ոչ մի ձև իմ ուղեղի մեջ չի տեղավորվում», - հայտարարեց Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը մեջբերեց Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի պարզաբանումը, թե մենք պետք է պարզ երեսով նայենք պատմությանը, բայց ցուցահանդեսը մի փոքր քաղաքականացված էր: «Ո՞նց կարելի էր քաղաքականացված չլիներ, եթե նվիրված է բռնադատվածներին: Ո՞նց կարող է արվեստը, մշակույթը քաղաքականացված չլինի, երբ հենց նրա համար է, որ վեր պետք է հանի սուր երևույթներ, հարցադրումներ, որոնք հասարակությանը առաջ պետք է տանեն: Նժդեհն ինքը բռնությունների զոհ էր և տարիներով Սիբիրում էր: Սենց ենք անում, որ ՌԴ պետդումայի պատգամավորը կարող է իրեն թույլ տալ անվանել թշնամական քայլ մեր մի հայրենակցի փողոցի վերանվանումը մեկ այլ հայրենակցի անունով: Ավելին՝ ԵՊՀ-ն նորից անվանենք Մոլոտովայի անվան, Մաշտոցի պողոտան՝ Պրոսպեկտ»,-ասաց նա:
