Համաձայնագրի ստորագրման համար կան բոլոր նախադրյալները. Ֆրանսիայի դեսպան
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող հավակնոտ փաստաթուղթ է: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Այն օրը, երբ ստորագրվի համաձայնագիրը, և կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան և պատրաստ են, որպեսզի այն ստորագրվի, այդ պարագայում Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կլինի ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ պայմանագիր կունենա Եվրամիության հետ»,- ասաց դեսպանը: Այնուհետև, անդրադառնալով Մոսկվայում Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլիի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը, նշեց, որ այն ամենն, ինչն ուղղված է երկխոսությանը, ընդունելի է իրենց համար։ «Որքան շատ լինեն երկխոսությունները, այնքան օգտակար կլինի հարցի կարգավորման համար։ Համայն Ռուսիո Պատրարքի նախաձեռնությունը փայլուն գաղափար էր, քանի որ այն, ինչը տանում է ճիշտ ուղիով, կարող է նպաստել թնջուկի կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը զերծ է այլ տարակարծություններից, որոնք կարող են ունենալ համանախագահող երկրներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանի Դաշնությունը։ Կարևոր չէ, թե հանդիպումը որ կողմն է նախաձեռնում, կարևորը՝ որ լինի երկխոսություն», - ընդգծեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
