Մեկ գիշերում որոշումներ այս անգամ չեն կայացվի. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է արտահայտվել ՀՀ-ի անդամակցությանը ԵԱՏՄ-ին և այսօր էլ ՀՅԴ մոտեցումը չի փոխվել: «Մենք համոզվել ենք, որ այս ընթացքում այն մարտահրավերները, որ Հայաստանը ստիպված եղավ հաղթահարել՝ իր անվտանգության խնդիրները լուծելու հետ կապված, սա այդ պահին ամենաճիշտ լուծումն էր, մանավանդ հիմա, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորշումը ու հնարավորություն է տալիս վերադառնալ և...և-ի քաղաքականությանը», - ընդգծեց նա։Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելով՝ ի՞նչ անվտանգության հարց լուծվեց Հայաստանի համար, քանի որ կան լուրեր, թե հակառակը, խնդիրներն ավելացել են, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բացարձակապես օդից վերցված հայտարարություններ են դրանք, որոնք իրականության հետ կապ չունեն: Մենք փաստ ունենք, մենք քառօրյա պատերազմը հաջողած երկիր ենք և պետություն: Այդպիսի հարց բարձրացրողներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է նշանակում պաշտպանություն և զինված ուժեր: Եթե մեզ թվում է, թե միայն զինվորներն են հաղթում դատարկ ձեռքերով, չարաչար սխալվում եք: Մեր զինվորների հերոսության վրա որևէ մեկը չի կասկածել: Բայց եթե մենք չունենանք համապատասխան ռազմական միջոցներ, դժվար է միջնադարյան զինատեսկաներով այսօր պայքարել թշնամու դեմ»: Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում տնտեսապես մեծ հնարավորությունների դաշտ ունի, որը լիարժեք չի օգտագործել և որի մեղավորը ՀՀ իշխանությունն է, այդ թվում` ՀՅԴ-ն, որ չի կարողացել հարմարեցնել մեր տնտեսությունը ԵԱՏՄ-ին, սական այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են: «Մենք ենք մեղավոր, որովհետև մենք այս նոր իրավիճակին մեր տնտեսությունը չենք կարողացել հարմարեցնել։ Մենք ինքներս պետք է քայլեր ձեռնարկենք։ Այնպես չէ, որ ոչինչ չի արվել։ Սա լավ առիթ է, ես դրական եմ գնահատում «Ելք»-ի առաջարկությունը, դա թույլ կտա ևս մեկ անգամ այդ ամենի մասին խոսել», - նկատեց նա։ Ռուստամյանն անդրադարձավ նաև Եվրամիության հետ ստորագրվելիք նոր փաստաթղթին, ասաց, որ չի կարծում, թե այս անգամ փաստաթղթի ստորագրման համար խոչընդոտ կլինի: Մեկ գիշերում որոշումներ այս անգամ չեն կայացվի:
