Արմեն Ռուստամյանն ում է տեսնում վարչապետի պաշտոնում
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվան:«Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի գալով իսկապես մի նոր շունչ մտավ կառավարման համակարգի մեջ: Այն նորարությունները որ սկսվել էր իրականացվել, դրանք ժամանակ են պահանջում, որ ամբողջությամբ լիարժեք տեսնենք մեր կենցաղում: Տեմպերը կարող են գոհացնող չլինեն, բայց ուղղությունը, որը վերցրել է կառավարությունը, 99 %-ով համապատասխանում է մեր պատկերացումներին, թե ինչպես ծով չունենալու պարագայում պետք է մեր ռեսուրսները օգտագործենք»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում տեսնում է կրկին Կարեն Կարապետյանին, Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ի համար կարևոր է, որպեսզի ծրագրերը կյանքի կոչվեն։
Հարցին, թե ՀՅԴ-ն կցանկանա՞, որ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել նաև 2018 թվականից հետո, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դրա համար մենք ընդունել ենք կառավարության ծրագիր, որը 2018-22 թվականների հետ է կապված, անձի հետ կապված չէ: Թե ով կլինի իրականացնողը, իհարկե, մեզ համար կարևոր է, որ նա հոգով ու սրտով այս գործը լիարժեք կարողանա իրականացնել: Բայց այդպիսի մարդիկ շատ կան, և այդ առումով մեզ համար անձն այդքան կարևորություն չունի»:
