Արմեն Աշոտյանը կողմ է ԵՏՄ-ին
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով «Ելք» խմբակցության ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծին, նշեց, որ Հայաստան երեկ է վերադարձել եւ չի հասցրել ծանոթանալ նախագծին: «Այդ հայտարարությունը պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում, կարծում եմ, որ գլխադասային հանձնաժողով կնշանակվի հենց մեր հանձնաժողովը: Դեռ նախագիծը չեմ ստացել տեքստով, կարծում եմ ճիշտը փաստաթղթային աշխատանքն է»,- ասում է Արմեն Աշոտյանը: Աշոտյանը չի կարծում, որ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախագիծը ինչ-որ կերպ կարող է հանգեցնել Եվրամիության հետ ստորագրվող պայմանագրի կասեցմանը: Այսինքն՝ դա կարող է դուր չգալ դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը, որն էլ խոչընդոտներ ստեղծի ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման համար: «Ճիշտն ասած, հայկական լրատվական-վերլուծական դաշտում միշտ լինում է փորձեր միմյանց կապել չկապվողը: Մենք միշտ ականատեսն ենք նման վերլուծությունների, որոնք միմյանց հետ կապ չունեն: Այստեղ որեւէ խնդիր չպետք է տեսնել, իսկ ինչ մնում է «Ելք»-ի առաջարկին, ես արդեն ասացի, որ պետք է ուսումնասիրեմ: ԵՏՄ-ից դուրս գալը չի բխում Հայաստանի արտաքին քաղաքական շահերից»,- եզրափակեց Աշոտյանը:
