Փաշինյանը հիշեց «Կարգին» հաղորդումը
Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով: «ՔԲնականաբար մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին, բայց ես ուզում եմ, որ մենք վերհիշենք, թե վերջին տարիներին ինչպիսի մեգանախագծեր ենք քննարկել Իրանի հետ կապված, և արձանագրենք, որ բոլոր այդ նախագծերը ձախողված են: Առաջինը՝ 2012 թվականին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Մեղրիում տեղի ունեցած Իրանի հետ համատեղ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի աշխատանքն է, սակայն որեւէ քար նույնիսկ դրված չէ: Եկեք հիշենք այլ նախագծեր Հայաստան-Իրան, որ ձախողվել են: Հիմա արդեն ոչ մեկ չի խոսում Իրան- Հայաստան երկաթուղու կառուցման մասին, տասը տարի ամեն օր դրա մասին էին թմբկահարում, չեն խոսում նավթի վերամշակման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, անընդհատ խոսում են իրանական գազի մասին, բայց ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ի կազմում դա անհնարին է»,- ասաց Փաշինյանը: Այնուհետև ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության ընթացքով: Պատգամավորը հիշեցրեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը սկսվել է դեռևս 2012-ին և պետք է ավարտին հասցվեր հինգ տարվա ընթացքում, սակայն, ըստ նրա, ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Նիկոլ Փաշինյանը նույն հարցն ուղղեց նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, որին ի պատասխան` Գագիկ Մելիքյանն ասաց, որ բանակցություններ են ընթանում շինարարությունը սկսելու կապակցությամբ: «Փաստորեն, էս դեպքում էլ գործ ունենք «Կարգին» հաղորդման հայտնի մանրապատման հետ. «Պատուհանը դրինք, հիմնարկեքը արինք, բանակցությունն արինք»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
