Մեկ քաղաքական թիմը
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ կառավարությունը լավ է աշխատում, և դա վկայում է ՀՀ-ում տնտեսական ակտիվության տեմպը, ինչն էլ արդեն 6 տոկոսից ավելի է:«Տնտեսական ակտիվության տեմպերը՝ վեց տոկոսից ավելի, կարծում եմ, դրական միտումներ ապահովում են, և ես կարող եմ ասել, որ կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քաղաքական մեծամասնության հետ միասին մեկ քաղաքական թիմ է», - ընդգծեց նա: Շարմազանովը նշեց, որ Կարապետյանի գլխավորությամբ ձևավորված կառավարությունն իրականացնում է խորհրդարանում հավանության արժանացած ծրագիրը։ «Մենք տեսնում ենք այն դրական միտումները, որ կառավարությունն իրականացնում է, և մենք աջակցում ենք այդ կառավարությանը: Ոչ միայն աջակցում ենք, այլև մենք այդ կառավարության մասնիկն ենք, կառավարությունը մեր քաղաքական թիմի մի մասնիկն է»,-հավելեց Շարմազանովը:
