Աղջիկ ջան, հլա թող մի հատ ներկայացնեն. ինչ է Ծառուկյանը հրահանգել
ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ կողմ կքվեարկե՞ն ԵՏՄ-ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես ասաց՝ հրահանգել է թիմակիցներին մասնակցել ԵՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի առաջարկին։ «Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու ու ներկայացնելու: Եվ ես իմ թիմին այսօր հրահանգել եմ, որ ցանկացած կուսակցություն, երբ հարց է բարձրացնում, պարտավոր եք ներկա լինելու, քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու: Աղջիկ ջան, հլա թող մի հատ ներկայացնեն», - ընդգծեց նա: Ծառուկյանն ընդգծեց, որ ուրիշ երկրների կողմից ավելի լավ առաջարկներ չկան, որոնք ավելի մեծ ներդրումներ կխոստանան։ «Երևի, մենք ԵՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում։ 200 միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկումը և ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել: Մենք ի՞նչ ավելի լավ առաջարկ ունենք այլ երկրների կողմից, որ ներդրումներ կլինեն, տարեկան 4 մլրդ կներդնեն, ժողովրդի վիճակը կլավանա, անվտանգությունն ավելի ապահով կլինի: Պետք լինի, կքննարկենք, և հնարավոր է մենք այլ կերպ անդրադառնանք»,- նշեց Ծառուկյանը:
