Գորիսի քաղաքապետը մենակ չգնաց
Հրապարկը գրում է. Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը: Պատճառը վերջին շրջանում խիստ լարված հարաբերություններն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ: Վաչագան Ադունցը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում: Քիչ առաջ քաղաքապետի մամուլի խոսնակ Արև Աբելյանը կայքին տեղեկացրեց, որ քաղաքապետի հետ հեռանում է նաև ինքը: «Այսօր աշխատանքից ազատման դիմում ներկայացրի նաև ես: Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք չեմ ստում. դա սկզբունքորեն: Համայնքապետարանում աշխատելս պայմանավորված էր Ադունց մարդով … Իսկ աշխատել պետական ապարատի լրատվական դաշտում ինձ համար անհնար կլիներ, եթե չլիներ պարոն Ադունցի ազնվությունը, բաց ու թափանցիկ աշխատելաոճը, պատասխանատվության մեծ զգացումը… Վստահ եմ, շա՜տ-շատե՜րը համամիտ կլինեն ինձ հետ, ու եթե ոչ բարձրաձայն ապա մտքում հաստատ կհամաձայնեն գրածներիս հետ…. Մի առիթով ասել ու կրկնելու եմ. Հարգարժան պարոն Ադունց ես հպարտ եմ, որ ճանաչում և աշխատել եմ Ձեզ նման հրաշալի մարդու հետ, վստահ եմ, որ Ձեր կողմից արված այս քայլը կրկին միայն Ձեզ բնորոշ տեսակից է ելնում…»,- ընդգծեց Արև Աբելյանը: Մամուլի խոսնակը հանդես է եկել նաև հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում ներկայացրեց Պարոն Ադունցի շնորհիվ բազում ծրագրեր շուտով կյանքի կկոչվեն: Գորիսը կունենա Թումո կենտրոն, նոր, հարուստ տեխնիկա, կբարեկարգվի քաղաքի կենտրոնական հատվածը, կլուծվեն աղբահանության հետ կապված մի շարք հարցեր և այդ ամենը նրա քրտնաջան ջանքերի շնորհիվ: Ադունցը այս 3 տարում թողեց միայն իրեն հատուկ Ադունցյան ձեռագիր…»: Նշենք, որ Արև Աբելյանը մինչ այդ աշխատում էր Գորիսի Լաստ հեռուստաընկերությունում եւ ընդամենը 3 տարի է, ինչ աշխատում էր քաղաքապետարանում՝ որպես մամուլի խոսնակ:
