Արմեն Աշոտյանի ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր գիշերը երթևեկում. ԱԺ-ն լռում է
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կեսգիշերի սահմաններում հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ավտովթարի դեպքը եղել է սեպտեմբերի 6-ին՝ Այվազովսկու փողոցում` «Էրեբունի» թանգարանի դիմաց՝ ժամը 23:00-ի սահմաններում: Աշոտյանն այդ ժամանակ արտերկրում էր: Toyota Camry մակնիշի 011 HH 01 պետհամարանիշի ավտոմեքենան վարել է Մանվել Գաբրիելյանը, իսկ սրահում գտնվել է Ալբերտ Միրզախանյան անուն-ազգանունով ուղեւոր: Վթարի հետեւանքով նրանք երկուսն էլ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, առողջությանը հասցված վնասներ նրանց մոտ չի հայտնաբերվել: Բուժհաստատությունից տեղեկացանք, որ վարորդն ու ուղևորը չեն հոսպիտալացվել եւ անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո գնացել են: Բայց այս պատահարն առաջ է բերում մի շարք հարցեր. Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող և Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր այդ ժամին երթևեկում, մանավանդ երբ Աշոտյանը երկրում չէ: Պետական միջոցներով ու հարկատուներիս հաշվին ձեռք բերված, պահպանվող ու լիցքավորվող այդ ավտոմեքենայով արդյոք պետական նշանակության որևէ հանձնարարությո՞ւն էր կատարվում: Եթե այո, ապա ինչ էր դա իրենից ներկայացնում: Այս և այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Ազգային ժողովից: Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մեկնաբանություն չստացանք: Հ.Գ.1- Վերոնշյալ պատահարի ժամանակ իրար են բախվել Արմեն Աշոտյանին սպասարկող ավտոմեքենան և համար 39 ավտոբուսային երթուղին սպասարկող է Hyundai մակնիշի ավտոբուսը: Հաղորդվել էր, որ վերջինիս վարորդն անմիջապես ստացել է անհրաժեշտ բուժօգնություն եւ դուրս գրվել: Հ.Գ.2- Ժամը 20:00-ից հետո, երբ հոդվածն արդեն հրապարակված էր, Ազգային ժողովի լրատվական ծառայությունից զանգահարեցին և տեղեկացրին, որ Արմեն Աշոտյանի վարորդը աշխատանքային հանձնարարություն է կատարել. որոշակի փաստաթղթերի բնագրեր տարել է հանձնարարված վայր: Մասնավորապես ինչ փաստաթղթեր եւ ուր է նա տարել, ԱԺ-ից հրաժարվեցին մանրամասնել»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
