Ֆինանսների նախարարի եւ փոխնախարարի մեքենաները կայանված են օրենքի խախտմամբ. Հայկ Մարության
Դերասան Հայկ Մարությանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում. «Պետությունը կառուցելիս գոնե պետք է մի քիչ սիրել այն :) Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները ֆինանսների նախարարի եւ փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրենքի կոպտագույն խախտմամբ, կայանված են հետիոտնի անցումին կպած: Այսպիսով՝ նրանք փակում են տեսանելիությունը, եւ այս աշխույժ տուրիստական եւ հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության: Չգիտեմ գիտակցաբար, թե՝ ոչ, բայց այսպիսով նախարարը եւ փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը: Պարո՛ն վարչապետ, խնդրում եմ՝ հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը եւ որն ավելի կարեւոր է՝ մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ»,- գրել է նա:

