Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին հայտնաբերվել է թալանված ավտոմեքենա
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենա կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Սևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Գևորգ Մկրտչյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի 34 ZA 411 համարանիշի ավտոմեքենան՝ թալանված վիճակում։ Կայքի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանի տղան սեպտեմբերի 6-ին հայտարարություն է տվել Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ գիշերը Խաղաղ Դոնի 35 շենքի բակից նշված ավտոմեքենան առևանգել են։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի վրայից տարել են մարտկոցը, գազաբալոնը, ավտոմեքենայի պահեստամասեր, իսկ մեքենայի մեջ հայտնաբերվել է նաև ավտոմեքենայի տիրոջ ID քարտը, ավտոմեքենայի տեխանձնագիրն ու վարորդական իրավունքի վկայականը։
