Ջրանցքում հայտնաբերված երիտասարդ կնոջը ինքնասպանությա՞ն են հասցրել
Ջրանցքում հայտնաբերված երիտասարդ կնոջ մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: «Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կնոջ դին հայտնաբերվել էր սեպտեմբերի 1-ին Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում: ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, սակայն փորձագետների տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահը վրա է հասել ջրահեղձվելու հետևանքով։ Հիշեցնենք, որ աղջիկն ամուսնու տանից, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում, դուրս է եկել օգոստոսի 29-ին՝ հայրական տուն՝ Արմավիրի մարզ, գնալու համար, ինչից հետո նրա գտնվելու վայրի մասին հարազատները տեղեկություն չեն ունեցել։ Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան երիտասարդ կնոջ ամուսինը հաղորդում էր ներկայացրել՝ կնոջ անհետանալու վերաբերյալ։ Դիակի ճանաչման գործողության ժամանակ աղջկան ճանաչել է հայրը:
