Գործարար Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ․ «Հետք»

Հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի ինքնաթիռը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին 2022 թ. աշնանը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ: Ռուսաստանցի հայ գործարարն անմիջական կապ չունի այս պատժամիջոցների հետ, սակայն նրան պատկանող օդանավը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թիրախում։ Այս մասին գրում է «Հետքը»։

Կարապետյանի բորտը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում»: Ավելի կոնկրետ՝ այդ ցուցակում հայտնվել է մալթայական այն մասնավոր ավիաընկերությունը, որը շահագործում է բիզնես դասի օդանավեր: Խոսքը Մալթայի «Emperor Aviation» ընկերության մասին է, որը 2013 թ. հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Ընկերությունը գրասենյակներ ունի Մալթայի Բիրկիրկարա քաղաքում եւ Մոսկվայում:

Նկատենք, որ OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին արգելվում է նրանց հետ որեւէ գործարք կնքել:

Ամերիկյան կողմի հակառուսական պատժամիջոցների տակ են հայտնվել թե՛ «Emperor Aviation»-ը, թե՛ դրա ավիապարկում գտնվող 8 շքեղ ինքնաթիռները, որոնք բոլորը գրանցված են Մալթայում՝ 4 հատ «Bombardier Global Express», 2 հատ «Gulfstream G650» եւ 1-ական «Cessna Citation XLS+» ու «Bombardier Challenger 650»:

Սրանցից «Gulfsream»-ներից մեկը հենց Ս. Կարապետյանին պատկանող օդանավն է, որը Մալթայի օդանավերի ռեգիստրում գրանցված է որպես 9H-SSK:

9H-ն Մալթայի ավիացիոն ազգային նիշն է, այսինքն՝ այդ երկրում գրանցված բոլոր օդանավերը կրում են հենց այս նիշը, իսկ SSK-ն կոնկրետ օդանավի գրանցման համարն է: Իրականում դա հայ գործարարի անուն-հայրանուն-ազգանվան սկզբնատառերի համադրությունն է՝ Սամվել Սարգսի Կարապետյան կամ Samvel Sargis(ovich) Karapetyan: Անվան սկզբնատառերի կիրառումը սեփական օդանավերի գրանցման համարներում տարածված պրակտիկա է մեծահարուստների շրջանում: Ինքը՝ «Emperor Aviation»-ը, իր ավիապարկի օդանավերի գրանցման համարներում կիրառում է տարբեր «գրավիչ» համադրություններ՝ VIP, CEO, LUX, BOY:

Մալթայական ավիաընկերության նման փոխադրողները մեծահարուստ սեփականատերերի օդանավերը շահագործում են ոչ միայն վերջիններիս կարիքների համար, այլեւ դրանցով, տերերի համաձայնությամբ, իրականացնում են չվերթեր տարբեր պատվիրատուների համար, ինչը եկամուտ է ապահովում թե՛ ավիաընկերությանը, թե՛ օդանավի տիրոջը:

«Զվարթնոց» օդանավակայան, 19.05.2021

Ինչպես ասվեց, Ս. Կարապետյանի օդանավը ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել շահագործող «Emperor Aviation»-ի «պատճառով»: Վերջինս իր հերթին ամերիկյան իշխանությունների թիրախում է հայտնվել, քանի որ կապ է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մերձավորներից դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի ընտանիքի հետ:

Դեռ 2022-ի սեպտեմբերին OFAC-ը «սեւ ցուցակ» էր գցել Ս. Քերիմովին՝ ՌԴ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի հիմքով: Ընդ որում՝ 2018-ին եւս ռուսաստանցի միլիարդատերը հայտնվել էր այդ ցուցակում: 2022-ի նոյեմբերին «հերթը հասել էր» Քերիմովի ընտանիքի չափահաս անդամներին. կնոջը՝ Ֆիրուզային, դուստրերին՝ Գյուլնարային ու Ամինային, ինչպես նաեւ որդուն՝ Սաիդին: Վերջինիս դեմ պատժամիջոցներ են կիրառել նաեւ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան ու Շվեյցարիան:

Բացի դրանից՝ OFAC-ի «սեւ ցուցակում» են հայտնվել Գյուլնարա Քերիմովայի ֆրանսիական 4 ընկերությունները, դրանց շվեյցարացի ղեկավարն ու վերջինիս շվեյցարական ընկերությունը: Ցանկը, սակայն, այսքանով չի սահմանափակվում. Քերիմովներին առնչվող այլ անձինք ու ընկերություններ եւս հայտնվել են ամերիկյան ցուցակում:

Դրանցից մեկը «Emperor Aviation»-ն է՝ իր 8 օդանավերով: 2022 թ. նոյեմբերի 14-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Մալթայում ու Ռուսաստանում գրասենյակներ ունեցող այս ընկերությունը շքեղ ճամփորդություններ է իրականացրել Սուլեյման Քերիմովի ընտանիքի անդամների, այդ թվում՝ Գյուլնարայի համար նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022-ի փետրվարի 24-ին ներխուժել է Ուկրաինա:

Ամերիկյան կողմը չի հայտնել, թե կոնկրետ որ ինքնաթիռներն են ծառայություններ մատուցել Քերիմովներին, սակայն նշել է, որ «Emperor Aviation»-ը հայտնվել է «սեւ ցուցակում», քանի որ գործունեություն է ծավալել Ռուսաստանի տնտեսության ավիացիոն սեգմենտում, ինչպես նաեւ նյութապես աջակցել, հովանավորել կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն է ցույց տվել կամ էլ ծառայություններ մատուցել Գյուլնարա Քերիմովային:

Ինչպես վերեւում ասվեց, ամերիկյան իշխանություններն արգելում են ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին որեւէ գործարք կնքել OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ընկերությունների եւ անձանց հետ: Սակայն նույն OFAC-ը 2022-ի նոյեմբերի 14-ին թողարկել է ընդհանուր լիցենզիա (General License (GL) 40C), որը սահմանափակ բացառություններ է անում «սեւ ցուցակում» ներառված մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Emperor Aviation»-ի համար: Ըստ այդմ՝ «Emperor Aviation»-ն իրավունք ունի ամերիկյան կողմից ձեռք բերել որոշակի ապրանքներ, տեխնոլոգիաներ կամ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական ավիացիայում անվտանգությունն ապահովելու համար: Այս պարագայում, սակայն, պայմանն այն է, որ օդանավերը պետք է գրանցված լինեն բացառապես Ռուսաստանի սահմաններից դուրս, իսկ ապրանքներն ու տեխնոլոգիաները արտահանվեն, վերաարտահանվեն, ծառայություններն էլ մատուցվեն միայն քաղավիացիայի կարիքների համար:

Ch-aviation.com մասնագիտական կայքը նկատել է, որ սա «Emperor Aviation»-ին թույլ կտա իր 8 օդանավերը պահել թռիչքների համար պիտանի վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ փոխադրողի գործարքները չեն ներառի պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ֆինանսական ծառայությունները կամ անձանց: Նույն կայքի փոխանցմամբ՝ OFAC-ի լիցենզիայով նախատեսված բացառությունները տարածվում են նաեւ ռուսական ինքնաթիռաշինական ընկերությունների եւ լիզինգատուների, բայց ոչ ավիափոխադրողների վրա:

Նշենք, որ մալթայական օպերատորի ավիապարկում առկա «Bombardier»-ները կանադական օդանավեր են, իսկ «Gulfstream»-ներն ու «Cessna»-ն՝ ամերիկյան: Սա նշանակում է, որ եթե չլինեին բացառություններ, ապա պատժամիջոցների տակ հայտնված «Emperor Aviation»-ի օդանավերը, զրկվելով պատշաճ տեխսպասարկումից, թռիչքների համար առժամանակ անպիտան կդառնային: Այդուհանդերձ, համաձայն թռիչքներին առցանց հետեւող կայքերի, «Emperor Aviation»-ի 8 ինքնաթիռները 2022-ի նոյեմբերից հետո երկինք չեն բարձրացել:

Ս. Կարապետյանին պատկանող «Gulfstream G650»-ը (9H-SSK), ըստ այդ տեղեկատուների, վերջին անգամ 2022-ի օգոստոսի 29-ին Երեւանից թռել է գերմանական Հանովեր: Ընդ որում՝ օդանավը մինչ օրս գրանցված է Մալթայում:

«Emperor Aviation»-ի եւ Սամվել Կարապետյանի ինքնաթիռի մասին «Հետքը» գրել էր 2018-ին, երբ պատմել էինք, որ 9H-SSK-ն 2018-ի հունվարին ՀՀ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը Երեւանից տեղափոխել է շվեյցարական Ցյուրիխ՝ մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին, իսկ մինչ այդ՝ 2017-ի հուլիսին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տեղափոխել էր Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը:

դիտվել է 478 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am