Ի՞նչ հիմքով զրկենք մեդալից. նախարարը՝ քաղաքացուն վրաերթի ենթարկած աշակերտի մասին
Այսօր կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Լեւոն Մկրչյանը, անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանից ոսկե մեդալ ստացած Հրազդանի քաղաքապետի որդուն, որն ավելի վաղ հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել 58-ամյա մարդու եւ նա մահացել էր, ասաց, որ շրջանավարտներին ոսկե մեդալ տրվում է առաջադիմության համար, ոչ թե վարքի:«Նրանք ստացել են իրենց մեդալը, եթե երեխան մեդալ ստացել է, պետք է ստանա։ Մեդալ ստանալու համար ներկայացնում է դպրոցը, անցնում է համապատասխան ընթացակարգերը։ Դա 12 տարվա գիտելիքի արդյունքում է ստանում մեդալ։ Խոսքը վերաբերում է երիտասարդին՝ անկախ՝ պաշտոնյայի երեխա է, պաշտոնյայի երեխա չի։ Ինքը ստանում է ոսկե մեդալն իր աշխատանքի հիման վրա։ Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երեխա է։ Հիմա եթե եղել է դժբախտ դեպքը, ի՞նչ հիմքով իր ուսման, գիտելիքի հիման վրա մեդալը չպետք է տրվի։ Բոլորովին տարբեր խնդիրներ են»,- ասաց նա: Նախարարը չի բացառում, որ այստեղ ոչ միայն ծնողների, այլ նաեւ ուսուցիչների խնդիրն է, որոնք տղային գուցե լավ չեն բացատրել, որ օրենք խախտել չի կարելի: «Անչափահասը, որը վարորդական իրավունք չունի, իրավունք չուներ նստեր ղեկին, ծնողը պետք է հետեւեր, դպրոցը պետք է հետեւեր, բայց ինչո՞ւ ենք սա կապում մյուս խնդրի հետ: Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք ուսուցչին, 60.000 դրամ է ստանում, դրանի՞ց էլ զրկենք»,- վրդովվեց նախարարը:
