Նորատուսցի Ալիկը հիվանդանոցում է
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր երկրորդ անգամ հետաձգվեց «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Նրա շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, նա նախապատրաստվում է վիրահատության: Այդուհանդերձ, հիվանդանոցից տրված տեղեկանքի հիման վրա պաշտպանական կողմը տեղյակ էր պահել պատկան մարմնին, որ Ալիկ Բանդուրյանը կարող է մասնակցել դատական նիստին, նրան պետք է դատարան հասցնել հիշյալ բժշկական կենտրոնից: Սակայն բժշկական կենտրոնից հիվանդ կալանավորի տեղափոխումը դատարան չէր կազմակերպվել անհայտ պատճառներով՝ կալանավայրից դատարանին այդ մասին ոչինչ չէին հաղորդել: Ամբաստանյալի բացակայությամբ դատական նիստը կայանալ չէր կարող, այն հետաձգվեց:
