Ուշադրություն խաղողագործներ. Խաղող արտահանողների համար հատուկ ռեժիմ սահմանվեց
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ գինեգործության ու խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետին: «Կառավարությունում գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը: Ասում էին՝ որոշ դեպքերում այն ֆինանսական խնդիրներ կարող է ստեղծել իրենց համար: Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձը իրականացվում է 90-օրյա ժամկետում, և մենք հսկողություն ենք սահմանել, և այդ կարգապահությունը խիստ պաշտպանվում է», - ներկայացրեց վարչապետը: Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետում սահմանելու ու կազմակերպելու վերաբերյալ: Այնուհետև գյուղնախարարին հանձնարարեց. «Պարոն Առաքելյան, ՊԵԿ-ին ներկայացնում եք մեր արտահանողների ցուցակը»: Իսկ ՊԵԿ նախագահին հանձնարարեց հատուկ ռեժիմի անցնել մթերման այս ժամանակահատվածում. «Պարոն Հարությունյան, հատուկ ռեժիմ եք դնում այս մթերման ժամանակահատվածում: Մենք նաև ստեղծել ենք իրենց համար 3%-անոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն անցկացնենք մաքսիմալ արագ ու էֆեկտիվ»։
