Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկող ավտոմեքենան հանվում է աճուրդի. հայտնի է մեկնարկային գինը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց պետական գույքը մասնավորեցնելու մի նախագծի, որը կառավարության հավանության էր ներկայացրել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը թույլատրել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինին ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի զրահապատ տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական) օտարել դասական աճուրդով: Ավտոմեքենան սպասարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրա նախագահության ժամանակաշրջանում: Ըստ նախագծի հիմնավորման, գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:
