Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 մլն դոլարով. «Արմենպրես»
Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2012 թվականին՝ երբ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Հակակոռուպցիոն Átlátszó կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ բացահայտված նոր տվյալները ցույց են տալիս, որ իրականում Սաֆարովին արտահանձնելով՝ Հունգարիայի կառավարությունը ոչ թե ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ: MKB բանկում բացված հաշիվը կապված է եղել օֆֆշորային մի ընկերության հետ, որը սերտ կապերի մեջ է եղել Ադրբեջանի կառավարության հետ: Հունգարիա գումարը փոխանցվել է Metastar Invest LLP ընկերության կողմից հունգարական բանկային այն հաշվին, որը կապված է եղել օֆֆշորային գործունեություն ծավալող Velasco International ընկերության հետ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
