Ադրբեջանը դո՞ւրս է բերելու զորքերը ՀՀ տարածքից, ճանաչելո՞ւ է 29 800 քառակուսի կիլոմետրը` որպես ՀՀ տարածք

Բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում՝ հստակ նշելով երկրների տարածքները. Հայաստանի 29 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը։
Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, երեկ վերահաստատելով Շառլ Միշելի այս խոսքերը, ընդգծեց՝ խոսքը 1991թ. ստորագրված Ալմա Աթիի հռչակագրին է մասին է, այսինքն՝ այն սահմանների, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։ Ճշտող հարցին՝ այդուհանդերձ Ադրբեջանը զորքերը դուրս կբերի՞, փոխնախարարը միայն իր ենթադրությունը ներկայացրեց. - «Այդ գաղափարը մի շարք մեր գործընկերների կողմից քննարկվել է։ Ոչ միայն ԵՄ, ԱՄՆ-ի կողմից։ Եվ արդեն իսկ ճանաչումը այդ սահմանների, որի մասին խոսեցինք, իհարկե ենթադրում է նման դուրսբերում»։

Մինչդեռ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, պատասխանելով նույն հարցին, հավասարության նշան դրեց կողմերի միջև. - «Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության, և հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին»։ Ի՞նչ նկատի ուներ Վիկտորինը՝ Հայաստանին նման կոչով դիմելով, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն է 2021-ից ի վեր Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ օկուպացրել, ըստ Հայաստանի իշխանությունների՝ 139 քառակուսի կիլոմետր։

Ըստ «Ազատության», դեսպանն ուշագրավ հայտարարություն է արել. «Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք՝ սահմանային տարածքներում։ Եվ շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել Բրյուսելում ձևակերպումը, ես պարզապես կրկնում եմ։ Ինչ վերաբերում է ժամանակացույցին, դա կախված է բանակցություններից։ Տեսնենք...»։ Եվրամիության դեսպանը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե որ կետերն են դրանք ու որ տարածքների մասին է խոսքը. - «Ես մանրամասներ չունեմ, բայց դա այն է ինչ ես լսել եմ բանակցություններում»։

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, որ ԵՄ դեսպանի ասուլիսին էր մասնակցում, արդեն լրագրողների հետ ճեպազրույցում ևս պատասխան չուներ։ Ենթադրեց, թե Վիկտորինը նկատի ուներ ղարաբաղյան առաջին պատերազմը. «Ըստ երևույթին, սա ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին։ Բայց այստեղ ակնհայտ է բոլորի համար, որ այս շրջանում խոսքը գնում է Հայաստանի տարածքից զորքերի դուրս բերման [մասին]»։ Հարցին, թե արդյոք հավասարության նշան դնելը գործընթացը փակուղի չի տանում, փոխարտգործնախարարն արձագանքեց. - «Եթե նախկինում միայն երկկողմանի հայտարարություններ էին, հիմա արվում է հա'մ ուղղված, հա'մ երբեմն երկկողմանի, որպեսզի գործընկերներ են ասում, նաև պահեն ինչ-որ կոնտակտ այլ կողմի հետ։ Դրա համար իրավիճակը նույնը չէ, ինչ որ մեկ-երկու տարի էր»։

Հարցին ի պատասխան, թե արդյոք Բրյուսելի բանակցությունների ընթացքում Ալիևը դարձյալ առաջ է քաշել Երևանի կողմից մերժվող այսպես ասած «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, փոխարտգործնախարարը շեշտեց՝ միջանցքային տրամաբանության մասին խոսք չի եղել։ Երեկ հաղորդակցության և տնտեսական ուղիների բացման հարցում առաջընթացից խոսելիս՝ Եվրոպական խորհրդի նախագահը չհստակեցրեց՝ արդյոք Ադրբեջանի նախագահը հրաժարվել է միջանցքի պահանջից։ «Մեր գործընկերները չեն օգտագործում այդ եզրույթը այլևս։ Եվ դա արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները», - ասել է Հովհաննիսյանը։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները Բրյուսելում հյուրընկալած Շարլ Միշելը շեշտեց, որ կողմերը հստակ առաջընթաց են արձանագրել հաղորդակցության ու տնտեսական ուղիների բացման հարցում։ Մասնավորապես, ըստ Եվրոպական խորհրդի նախագահի, դիրքորոշումները շատ են մոտեցել դեպի Նախիջևան և Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում:

Երկաթուղին պետք է գործի Հայաստանի օրենսդրությամբ, շահագործման հարցում գործնական քայլերի հնարավոր կլինի անցնել միայն բոլոր երաշխիքներից հետո, բրյուսելյան բանակցություններից հետո հայտարարում են Երևանից։ Չնայած Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը, թե կողմերի դիրքորոշումները շատ են մոտեցել, շինարարության մասին խոսելը դեռ վաղ է, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Ժամկետները պետք է պարզել, դա մեր կարմիր գծերից մեկն է, խոսքը գնում է երկաթուղու մասին, պետք է գործի միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավասության տակ: Այդ հարցի վերաբերյալ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո նոր կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին», - ընդգծեց փոխարտգործնախարարը:

«Հիմա առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարել են ավարտին հասցնել համաձայնությունը երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցով։ Կողմերը համաձայնել են դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը», - ասել է ԵԽ ղեկավարը։

Համաշխարհային մաքսային կազմակերպությունը՝ WCO-ն, միջկառավարական մարմին է, որին անդամակցում են աշխարհի գրեթե բոլոր պետությունների մաքսային ծառայությունները։ Հիմնադրվել է 1952-ին ու հենց Բրյուսելում է տեղակայված։ Միջազգային այս կազմակերպությունը ոլորտին վերաբերող օրենքների և մեխանիզմների շուրջ քննարկումների գլխավոր կենտրոնն է։ Կազմակերպության նպատակն է աջակցել անդամ պետությունների մաքսային մարմիններին։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը անդամակցում են կառույցին։

44-օրյա պատերազմից հետո հաղորդակցության ուղիների, ու մասնավորապես, երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր, տարածաշրջանի ապաշրջափակումը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է։

Երկաթուղու մասին ակտիվորեն խոսվում էր հատկապես պատերազմին հաջորդող տարում։ 2021-ի ավարտին նախ Սոչիում, ապա Բրյուսելում կողմերը հստակ հայտարարեցին Խորհրդային Միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածության մասին։ Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։

«Մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար, ըստ էության, այդ աշխատանքը մեկնարկելու հաջորդ փուլը, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի», - 2022թ. փետրվարին նշեց Փաշինյանը:

Պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։ Կառավարությունը 2022-ի հունվարին այս աշխատանքների համար 10 հոգուց կազմված հատուկ խումբ ստեղծեց: Այս խումբը տեղում հետազոտություններ սկսեց։ Այդ ժամանակ հայկական կողմը նախնական գնահատականներ էլ հնչեցրեց. Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ պետք կգան, Մեղրիի հատվածում անհրաժեշտ կլինի երեք տարի։ Այս պայմանավորվածությունից ու հայտարարություններից հետո, սակայն, երկաթուղու վերաբերյալ քննարկումները մարեցին: Այս աշխատանքային խմբի անդամ, տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանն ասում է՝ անցած տարի տեղում անցկացրած հետազոտություններից հետո իրենք այլ աշխատանք չեն իրականացրել:

Ադրբեջանը Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու իր կողմում գտնվող հատվածներում շինարարությունը դեռ երկու տարի առաջ է սկսել։ Դեպի Հայաստան եկող երկաթուղու շինարարությունը Բաքուն նախատեսում է ավարտին հասցնել հաջորդ տարի։

Այս քննարկումների, մեկնաբանությունների մեջ ընդամենը մեկ հարց կարող է հետաքրքրել ՀՀ քաղաքացիներին` իսկ Ադրբեջանը դո՞ւրս է բերելու զորքերը ՀՀ տարածքից, ճանաչելո՞ւ է 29 800 քառակուսի կիլոմետրը` որպես ՀՀ տարածք:

Այս հարցերի պատասխանը Փաշինյանի իշխանությունն ունի՞, որ մտել է այս տեսակ խնդիրների բովանդակային քննարկումների դաշտ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3675 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am