PR-ը օրենքից վեր. Դանիել Իոաննիսյան
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանությունը երեկ հրապարակեց 6-7 րոպե տեւողությամբ մի տեսանյութ, որն ամբողջությամբ նկարահանված է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կրծքին փակցված տեսախցիկով: Զավեշտալի պատմություն Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները փորձում տուգանել ժամկետի մեջ գտնվող տեխզննության կտրոն չունեցող «Toyota»-ի վարորդին՝ Լիանա Զուրաբյանին: Վարորդը խուսափում է ոստիկաններին փաստաթղթեր ներկայացնելուց եւ հեռանում: Ոստիկանները հետապնդում ու ապա նորից են կանգնեցնում վարորդին, որն այս անգամ ցույց է տալիս, բայց չի տրամադրում իր փաստաթղթերը... Ապա նորից հեռանում է: Ոստիկանները կրկին հետապնդում ու կանգնեցնում են վարորդին, որն արդեն սկսում է գոռալ, թե «իմ ավտոյի վրա ակտ չպտի գրեք», սպառնալ «զանգել ղեկավարությանը» եւ այլն: Պատմությունը էլ ավելի զավեշտալի է դառնում, երբ Լիանա Զուրաբյանի մեքենան այդ վեճերի ընթացքում ետ է գլորվում ու հարվածում Ճանապարհային ոստիկանների պարեկային մեքենային: Զուրաբյանը էլ ավելի է բորբոքվում ու հրաժարվում է ԱՊՊԱ կանչել: Հարգանքի տուրք տալով Ճանապարհային ոստիկանության տեսուչների համբերությանը եւ մի կողմ թողնելով վարորդի արարքի քննարկումը՝ փորձենք քննարկել ՀՀ ԿԱ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության՝ խնդրո առարկա տեսանյութի տարածման օրինականությունը: Օրենքն ու խախտումը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը ամրագրում է, որ անձնական տվյալ է «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Այսինքն, խնդրո առարկա տեսանյութը Լիանա Զուրաբյանին վերաբերող անձնական տվյալ է: Նույն օրենքի 8-րդ հոդվածը ամրագրում է, որ «Անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝ 1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, եւ տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ 2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից»: Տվյալ դեպքում հանրամատչելի աղբյուրի մասին խոսք չկա, քանի որ ՃՈ տեսուչի տեսախցիկի նկարահանած տեսանյութը հանրամատչելի չէ: Վարչական իրավախախտում գործող անձի պահվածքի ու տեղաշարժի մասին տեսանյութեր տարածելու իրավական նորմ, բնականաբար, որեւէ օրենքով ամրագրված չէ: Հետեւապես, ոստիկանությունը պետք է ունենար Լիանա Զուրաբյանի թույլտվությունը: Իսկ այդ թույլտվությունը չկար: Եվ անգամ ավելին, Զուրաբյանը, որը հանրության որոշ շերտերում հայտնի ասմունքող է, տեսանյութում խնդրում է, որ նշված միջադեպը «պետք չի լրագրողներին տալ»: Այսինքն, Ոստիկանությունը կոպտորեն խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ առանց թույլտվության եւ օրենքով ուղղակիորեն չնախատեսված դեպքում անձնական տվյալ հրապարակելով: Այսինքն, սեփական գործը գովաբանելու համար ոստիկանությունը չի խորշում նաեւ քաղաքացիների իրավունքներն ու ՀՀ օրենսդրությունը խախտել:
