Ապտակ Եվրոպային. Եվրոպայում տեղի ունեցողը դատ է Ադրբեջանի նկատմամբ. Շավարշ Քոչարյան
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով օրերս բրիտանական մամուլում հրապարակված՝ ալիևյան կլանի կողմից տարբեր երկրների պատգամավորներին գումաներ վճարելու համար բացված շուրջ 3 մլրդ դոլարանոց հաշվի շուրջ առաջացած սկանդալին, ընդգծեց, որ պատահական չէ այն, որ այս իրադարձությունների կոնտեքստում Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ իբրև թե հայերն են արել, ինչ պատահում է՝ մեղավորը հայերն են: Ինչպես նշեց, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության շուրջ ստեղծված սկանդալը, հարուցված քրեական գործը, ինչպես նաև Ադրբեջանի շահերի համար եվրոպացի պատգամավորներից ոմանց կաշառվելու հանգամանքը ապտակ էր Եվրոպային: «Իրականում սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նկատմամբ դատ՝ փոխաբերական, ոչ թե իրավական առումով: Այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ Եվրոպայով, խոսում է այն մասին, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է: Մարդիկ թույլ են, նույնիսկ եվրոպական պատգամավորներ, Եվրոպայի սրտից այդ գայթակղությանը չեն դիմանում: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրանք այն պատգամավորներն են, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է, նրանք ընտրվելու հնարավորություն չունեն»:
