Փնթի վերաբերմունքի արդյունքում. Արամ Մանուկյանը
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց Մարտի 1-ի հետ կապված՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը որերորդ անգամ ՀՀ-ից 2 հարցի պատասխան է ուզում՝ ի՞նչ փոխհատուցում է տրվել զոհերի իրավահաջորդներին և ի՞նչ պատիժ է տրվել մեղավորներին:Այնուհետև նշեց, որ Մարտի 1-ի բողոք-գանգատը ՄԻԵԴ-ում հասել է կոմունիկացիաների փուլ, այսինքն՝ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղարկել ՀՀ կառավարությանը, թե ի՞նչ ընթացքում է գտնվում գործը, բայց հանցագործություններից 8 տարի անց ՀՀ իշխանությունը ՄԻԵԴ-ից կրկին ժամկետ է խնդրել այդ հարցրերին պատասխանելու համար, մասնավորապես՝ դեկտեմբերին պետք է պատասխաներ, ժամկետ է խնդրել մինչև մարտ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ առաջին հարցը նախկինում հնչել էր հենց այն օրը, երբ ԱԳ նախարարն ԱԺ դահլիճում չէր և այսօր էլ նա ներկա չէ: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ վարչապետը հանձնարարել էր գրավոր պատասխանել, և պետք է որ Մանուկյանը ստացած լիներ պատասխան: «Ձեր փնթի վերաբերմունքը միջազգային կառույցների նկատմամբ նույն կերպ արձագանքվում է մեզ, այսինքն՝ իրենք ադեկվատ են պատասխանում, մասնավորապես՝ ԵԽԽՎ ոչ հայանպաստ բանաձևերը կարելի է հանգիստ կապել մեր վերաբերմունքի հետ Ստրասբուրգին, Բրյուսելին, ՄԱԿ-ին, Եվրոդատարանին և այլն: Ձեր ասած պատասխանը ես չեմ ստացել, անցած տարի 2 անգամ հնչեցրել եմ հարցը: Այն հարցերը, որ դահլիճում չի լուծվում, գնում են հրապարակ և եթե ամսի 1-ի ցույցին ինչքան վատ բառ ասեմ, որ դուք արհամարհում եք միջազգային կառույցներին, որի մեջ գտնվում ենք, ես ճիշտ կլինեմ: Իսկ եթե ճիշտ ժամանակին պատասխան տայիք, ես էստեղ սենց մեծ-մեծ չէի խոսի»,- ասաց Արամ Մանուկյանը:
