Հայաստանը` խոցելու ռեժիմում. Սպառնալիքների նոր տարափ Թուրքիայից

Եթե Երևանը նույն կերպ շարունակի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը կընդհատվի, նախօրեին նախազգուշացրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պատասխանելով Երևանում «Նեմեսիս» արձանի տեղադրման մասին թուրք լրագրողի հարցին։

Մևլյութ Չավուշօղլուն արդեն երկրորդ անգամ է խստորեն դատապարտում Հայաստանի իշխանություններին, ավելի վաղ էլ պարզաբանել էր՝ Թուրքիայի օդային տարածքը փակել են Հայաստանի համար հենց այդ արձանի պատճառով։ Արտաքին գերատեսչության ղեկավարը թուրքական հեռուստալիքին տված հարցազրույցում նաև ընդգծել է՝ Թուրքիայի օդը փակ է եղել նաև օրերս Չեխիա մեկնած վարչապետ Փաշինյանի ինքնաթիռի համար։

«Հույժ կարևոր ինքնաթիռների համար էլ փակեցինք: Կներեք, բայց թող ոչ ոք չնեղանա: Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել օդային տարածքը։ Միայն Ազգային ժողովի նախագահի համար, որ գալիս էր Սևծովյան տնտեսական կազմակերպության ժողովին, քանի որ հյուրընկալող կողմը մենք էինք, բնականաբար, նրա համար չէինք կարող փակել: Եթե շարունակեն այսպես գործել, կարգավորման գործընթացը կընդհատվի: Եթե դու արձան ես կանգնեցնում ահաբեկիչների հիշատակին, ես դա չեմ կարող ընդունել», - ասել է Չավուշօղլուն։

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսեցին 44-օրյա պատերազմից հետո, ու թեև պաշտպանվես հայտարարվում է, թե գործընթացն ընթանում է առանց նախապայմանների՝ Անկարան հաճախ հաշտեցումը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ղարաբաղյան հարցի հետ։ Թուրքիայի ԱԳ նախարարը պնդում է՝ պաշտոնական Երևանի գործողություններում մեծ անհամապատասխանություն կա։ Կրկնել է նաև պաշտոնական Բաքվի մեղադրանքները, թե Հայաստանը զինվորական ներկայություն ունի Արցախում, մի բան, որ Երևանը բազմիցս է հերքել։ Չավուշօղլուն հիշատակել է նաև Հայաստանի կողմից մերժվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

«Մի կողմից շարունակ ասում եք՝ Ղարաբաղը Ադրբեջանինն է, մյուս կողմից տարբեր ճանապարհներով, ոչ հիմնական ճանապարհով, այլ կողմնակի, զինված մարդկանց եք ուղարկում: Ինչի՞ համար եք ուղարկում: Եթե խաղաղություն եք ուզում, ինչո՞ւ եք ուղարկում: Համաձայնագիր եք ստորագրել, բայց դեռևս Զանգեզուրի անցման հետ կապված քայլ չեք արել: Ռուսներն էլ են դրանից անհանգստանում, բոլորն էլ տեսնում են իրականությունը: Ամերիկացիներն էլ են տեսնում իրականությունը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չավուշօղլուի գնահատմամբ, իրենք հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ հայկական կողմի անկեղծությունը չեն տեսնում՝ շարունակելով, թե Հայաստանն այս կարգավորման կարիքն ավելի շատ ունի։ «Թեև սա հասկանում են, բայց անազնիվ քայլ են անում: Մենք ասացինք՝ լավ, երկրաշարժին եկան, օգնեցին, արտգործնախարարը եկավ, շնորհակալություն հայտնեցինք, սրանք մարդկային բաներ են, քաղաքականությունից դուրս, բայց դուք հիմա իմ դիվանագետներին նահատակ դարձրած ահաբեկիչների արձանը որ դնում եք, ես դա չեմ կարող ընդունել», - ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Երևանի Օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված արձանը բացվեց ապրիլի 25-ին։ Այն, ըստ նախաձեռնության հեղինակների, հավերժացնում է Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Հայաստանի իշխանությունների արձագանքը Թուրքիայի կոշտ հռետորաբանությանը, ըստ էության, հետևյալն է՝ արձանը տեղադրելու որոշումը Երևանի քաղաքապետարանն է կայացրել, ոչ կառավարությունը, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողը հենց գործադիրն է։ Մինչդեռ պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտեցին Երևանում հուշակոթողի տեղադրումը:

Սևծովյան տնտեսական կազմակերպության ժողովին մասնակցած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում ասել էր, թե չէր ցանկանա, որ արձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ-բարիդրացիական քայլ։ Սիմոնյանն Անկարայում մամուլի ասուլում ասաց, որ «Նեմեսիս» հուշարձանը տեղադրվել է քաղաքային իշխանությունների որոշմամբ։

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ դա այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ-բարիդրացիական քայլ», - ասել է Սիմոնյանը՝ հստակեցնելով, որ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից․ - «Այս մակարդակում կայացված որոշումներին բոլորդ ականատես եք վերջին ամիսներին»:

Սիմոնյանն ընդգծել է՝ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է հարաբերությունները վատացնելու պատճառներ գտնել։ «Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար, բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների», - ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Նախօրեին էլ Ալեն Սիմոնյանն այս հարցը քննարկել էր թուրք պաշտոնակցի հետ:

Իսկ Անկարան օրեր առաջ բացատրեց, թե ինչու է օդային տարածքը փակել Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ, NTV հեռուստաալիքի եթերում նշեց Չավուշօղլուն։ «Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են [Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ]: Եթե նրանք չդադարեն դա անել, մենք այլ միջոցներ կձեռնարկենք», - ասել Չավուշօղլուն՝ անդրադառնալով մասնավորապես Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրմանը:

«Թուրքիան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մեջ, սակայն «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է», - NTV-ին ասել է Չավուշօղլուն՝ շարունակելով. - «Ես դա չեմ կարող ընդունել: Հայաստանի հայտարարություններն այս հարցում նույնպես անկեղծ չեն, մենք որպես համարժեք պատասխան փակեցինք օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում կարող ենք այլ քայլեր ձեռնարկել»։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դադարեցնի «Թուրքիային խաբելու փորձերը»։ Թուրք նախարարը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին թույլ է տրվել օգտվել Թուրքիայի օդային տարածքից, որովհետև Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստին, և սա միջազգային իրադարձություն է։

Նիկոլ Փաշինյանն էլ օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում, արձանի տեղադրումը սխալ համարեց՝ պատճառաբանելով, թե սա կառավարության որոշումը չէ։ Այնինչ քաղաքապետարանում որոշումներ հենց իր ղեկավարած քաղաքական թիմի անդամներն են ընդունում։ «Ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ, և ես հիմա, որբ որ ուզում եմ խորանալ և հասկանալ, թե ոնց է դա հնարավոր դարձել, տեսնում եմ, որ դա տեղի է ունեցել մի էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ», - ասաց Փաշինյանը։

Ակնկալվում էր, որ ամռանը երրորդ երկրների քաղաքացիների համար պետք է բացվի հայ-թուրքական ցամաքային սահմանը։ Թե ինչ ճակատագրի կարժանանա այս գործընթացը, առայժմ պարզ չէ։ Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների առաջիկա հանդիպման մասին գոնե հրապարակային չի հայտարարվում։

Հիշեցնենք, որ Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

Ալեն Սիմոնյանն Անկարայում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպմանն անդրադարձել է Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն՝ հույս է հայտնելով, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը: Սիմոնյանը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետևանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաև այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2401 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am