Հունվարի 9-ը Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
Այսօր հանճարեղ Փարաջանովի ծննդյան օրն է. նա ծնվել է 1924 թ. հունվարի 9-ին Թբիլիսիում: Սերգեյ Փարաջանովը մանկուց նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին: 1955 թ-ին Փարաջանովն ստեղծել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» (Յակով Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959 թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961 թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962 թ.) ֆիլմերը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների [Կիևի համամիութենական (1964 թ.), Մար դել Պլատայի (1965 թ.) կինոփառատոների, բրիտանական կինոակադեմիայի, ՈւկրԽՍՀ Պետական (1990 թ.) մրցանակներ, Սալոնիկի (Հունաստան) կինոփառատոնի ոսկե մեդալ և այլն]: Ֆիլմը գուցուլների (ուկրաինացիների էթնիկական խումբ) մասին է. ներկայացված է ոչ միայն ժողովրդական ծեսերի, հավատալիքների, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր մի աշխարհ, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը` իր հույզերով և զգացումներով: 1966 թ-ին սկսել է «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի աշխատանքները, սակայն այն արգելվել է (պահպանվել են մի քանի կադրեր): 1991 թ-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից բերված կահ-կարասին: Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում: Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թ-ին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»:
