«Գնացեք ,ձեր մեռելին տեր կանգնեք». եղբայրը քրոջը դաժանաբար սպանելու փորձ է արել. տեսանյութ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Ազիզ Խ.-ի գործի դատական քննությունը: 37-ամյա Ազիզին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Տուժողը Ազիզի բարեկամուհին է: Ըստ մեղադրանքի՝ Ազիզը, իմանալով, որ իր բարեկամուհի Մայան (անունը փոխված է)  «արտաամուսնական կապի մեջ է» համագյուղացի եղբայրների հետ, վճռել է «ադաթի պահանջով» բարեկամուհուն զրկել կյանքից: 2016 թվականի մարտի 9-ին, ժամը 17-ի սահմաններում բարեկամուհուն ամուսնու տուն տանելու պատրվակով Ազիզը նրան նստեցրել է տաքսի, տարել է իրենց գյուղից հարևան գյուղ տանող ավտոճանապարհին գտնվող կիսաքանդ շինություն, որտեղ նախապես իր հետ վերցրած որսորդական դանակի բռնակով, ապա և դանակի շեղբով հարվածներ է հասցրել Մայայի դեմքին ու մարմնի այլ մասերին: Տեսնելով, որ Մայան անշարժ ընկած է, Ազիզը թողել-հեռացել է, մտածել է, թե սպանել է նրան: Սակայն, ըստ մեղադրանքի, նա հանցավոր արարքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ .հանգամանքների բերումով՝ Մայան կարողացել է մի կերպ հասնել ավտոճանապարհին, նկատվել է անցորդների կողմից, շտապօգնություն է հրավիրվել, ու տուժողը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել: Առաջադրված մեղադրանքում Ազիզ Խ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ այնքանով, որ կատարել է օրենքով արգելված արարք, սակայն միաժամանակ նշել է, թե «ավանդույթների համաձայն», իր կարծիքով, կատարել է  ճիշտ արարք… Ամբաստանյալը պնդել է, թե բարեկամուհուն սպանելու դիտավորություն չի ունեցել, եթե ունենար, կսպաներ, ոչ թե միայն մարմնական վնասվածքներ կպատճառեր: Ըստ Ազիզի՝ դեպքից մեկ օր առաջ է ինքն իմացել, որ Մայան հեռախոսով խոսել է հարևանի տղայի հետ: «Ադաթի» համաձայն՝ եթե ամուսնացած կինը նման քայլի է դիմում, նրան պետք է պատժեն: Քանի որ ոչ ոք Մայային չի պատժել, ինքն է որոշել պատժել: Դեպքի օրը Մայային խաբել ու ասել է՝ «պատրաստվի, տանում եմ ամուսնուդ տուն»: Մայայի ու նրա եղբոր հետ համագյուղացու տաքսիով դուրս են եկել իրենց գյուղից: Հարևան գյուղի ճանապարհին մեքենան կանգնեցրել ու ճանապարհել է: Ոտքով շարժվել են դեպի կիսակառույց շենքը, ինքն ասել է, թե այնտեղ պիտի հանդիպեն մարդկանց հետ ու խոսեն Մայայի ճակատագրի վերաբերյալ: Մայայի եղբորն ուղարկել է ծխախոտ բերելու, որը իբր օրեր առաջ ինքը պահել էր քիչ հեռու գտնվող քարի տակ: Ինքն ու Մայան մտել են կիսակառույց շենքը, որտեղ ինքը հարվածել է Մայայի դեմքին այլանդակելու նպատակով: Իր հարվածներից Մայան ընկել է: Ինքը տեսել է, որ նա շարժվում է, հասկացել է, որ չի մահացել, միաժամանակ մտածել է, որ իր նպատակին հասավ՝ վախեցրեց Մայային: Նրան ընկած թողել ու հեռացել է: Եթե Մայային սպանելու ցանկություն ունենար, այնքան կխփեր,  որ նա մահանար: Դատարանում հրապարակվել են Ազիզ Խ.-ի նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ժամանակ Ազիզ Խ.ն ընդունել է սպանության փորձի մեղադրանքը: Նա հայտնել է, թե բարեկամուհի Մայան բաժանվել էր ամուսնուց, երկու անչափահաս երեխաներին թողել էր ամուսնու մոտ ու վերադարձել էր հայրական տուն: Ըստ «ադաթի»՝ եթե ամուսնացած կինը բաժանվում ու վերադառնում է ծնողների տուն, նրա նամուսի համար պատասխանատու են նրա ծնողները, եղբայրները, մոտ հարազատները՝ հայրական կողմից: Դեպքից երկու օր առաջ ինքը լսել է Մայայի հետ նրա ծնողների ու եղբոր վիճաբանությունը՝ հեռախոսով հարևանի տղայի հետ խոսելու պատճառով: Հեռախոսային խոսակցությունը ձայնագրվել ու լսվել է Մայայի հարազատների, այդ թվում՝ նաև իր կողմից: Հարևանի տղան առաջարկել է հանդիպել, Մայան համաձայնել է: Այդ խոսակցության ժամանակ տղան հայհոյել է Մայային ու նրա մայրիկին, բայց Մայան դրան ուշադրություն չի դարձրել… Հարազատների խորհուրդը որոշել է նախ «զբաղվել» Մայայի հարցով՝ նրան հեռացնել տանից, տանել ամուսնու տուն, հետո խոսել հարևան եղբայրների հետ: Դեպքի օրը երբ ամուսնու տուն տանելու պատրվակով ինքը Մայային տարել է ճանապարհին գտնվող կիսաքանդ շինություն, Մայայի եղբորն ուղարկել է չեղած ծխախոտը քարերի արանքից բերելու, որպեսզի նրա ներկայությամբ չսպանի քրոջը: Մայայի հետ մենակ մնալով՝ հագուստի տակից հանել է դանակը, դանակի կոթով մոտ երեք հարված է հասցրել Մայայի «վզակոթին», որ նա թուլանա ու վայր ընկնի: Նա ընկել է, բայց կարողացել է ոտքի կանգնել, գնացել է դեպի դուռը: Այդ ժամանակ ինքը բռնել է նրա մազերից, քաշելով բերել է սենյակի միջնամաս, հետո դանակի շեղբով հարվածել է Մայայի ծնոտի տակից՝ դեպի վերև՝ դեպի գլուխը: Դրանից հետո նույն դանակով հարվածներ է հասցրել Մայայի վզին, դեմքին, դոշին, իսկ երբ Մայան պաշտպանվել է ձեռքերով, նաև ձեռքերին է խփել: Մայան անգիտակից ընկել է գետնին: Նրա բերանից ու դեմքից արյուն է հոսել, նա խռխռացրել է: Ինքը մտածել է, թե մահանում է, նոր հարվածներ հասցնելու իմաստը չի տեսել, դուրս է եկել շինությունից: Մայայի եղբայրը դեռ քարերի արանքում ծխախոտ էր փնտրում: Ինքը կանչել է նրան: Նա հեռվից տեսել է իր ձեռքի արյունոտ դանակը, իր արյունոտ ձեռքերը, վազել է դեպի հարևան գյուղ… Ինքը գնացել է եղբոր տուն, բակում աղբյուրի ջրով լվացվել է, դանակը դեն է նետել, հանել է արյունոտ վերնազգեստը: Տաքսիով գնացել է Երևան: Նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, իրեն զանգել է Մայայի հայրը, ինքն ասել է՝ գնացեք ձեր մեռելին տեր կանգնեք… Մարտի 11-ին ինքը ներկայացել է գյուղապետարան, հետո՝ քննչական բաժին: Դանակը, որով հարվածել է Մայային, ունեցել է 15-18 սմ շեղբի երկարություն, շեղբի վերևի մասում եղել են ատամներ… Նախաքննական ցուցմունքում Ազիզը նշել է, թե Մայային ցանկացել է սպանել, քանի որ նա իր ու ընտանիքի պատիվը նվաստացրել է: Դատարանում Ազիզը պատճառաբանել է, որ նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ բարկացած է եղել Մայայի վրա, բացի այդ՝ քննիչի գրած ցուցմունքը չի կարդացել, առանց կարդալու է ստորագրել… Ինքը ցանկացել է դանակով հարվածել Մայայի դեմքին, որ այլանդակի, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել: Տուժող Մայան հայտնել է, որ շուրջ երկու տարի ամուսնալուծվել ու վերադարձել է հայրական տուն՝ ամուսնու մոտ թողնելով երկու երեխաներին: Ինքը հարևանի տղայի հետ միայն հեռախոսով է խոսել, հասկանում է, որ սխալ է արել: Երբ Ազիզն ասել է, թե իրեն տանում է ամուսնու տուն, ինքն արտասվել ու ասել է, թե ամուսինն իրեն չի ընդունի այդ սխալի պատճառով: Ազիզն ասել է, թե ամեն բան կկարգավորի… Երբ կիսաքանդ շինությունում ինքն ու Ազիզը մենակ են մնացել, նա մոտեցել է իրեն ու ձեռքով կամ այլ առարկայով չորս-հինգ անգամ խփել է իր ծոծրակին, ինքը թուլացել ու միայն «վախ, վախ» է ասել: Փորձել է մոտենալ դռանը, բայց Ազիզը իր գլուխը դրել է թևի տակ ու սկսել է հարվածել: Ինքը նույնիսկ աչքերը չի կարողացել բացել, ուշագնաց է եղել: Երբ ուշքի է եկել, մեծ դժվարությամբ, սողալով հասել է ճանապարհին: Անցորդներից մեկն իրեն տեսել ու շտապօգնություն է կանչել… Մայայի ընտանիքի անդամներն ասել են, որ Մայայի ամուսինը հարբեցող է եղել, դրա համար է Մայան բաժանվել: Մայան միայն հեռախոսով է խոսել հարևանի տղայի հետ, ուրիշ վատ բան չի արել… Դատարանը հաստատված է գնահատել, որ Ազիզ Խ.-ն որսորդական դանակով փորձել է սպանել տուժող Մայային: Ազիզ Խ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին գումարվել է նաև նախորդ դատվածության պատիժը՝ տուգանք՝  200 հազար դրամի չափով: Պատժի սկիզբը՝  2016 թվականի մարտի 11-ից:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video) Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am