«Նեմե՛ց, հեռացի՛ր» և այսպես շարունակ...
Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական փուլում Դանիայի կրած պարտությունից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին և միայնակ հեռացավ ստադիոնից: Այնուհետև հայ երկրպագուները սկսեցին վանկարկել «Նեմե՛ց, հեռացի՛ր», պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Ռուբեն Հայրապետյանը ժամանակին հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Ստորև մեջբերենք նրա խոսքերը. «Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»: Այժմ հարց է ծագում՝ այս պարտությունից ու ձախողումից հետո ինչ քայլերի կդիմի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
