Հրեաներից հետո մեզ են կոտորելու. Տիգրան Խզմալյան
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆ Ռուսասատնում արդեն ձեւավորվեց հայերի համար կործանարար մի գաղափար այն մասին, որ ողջ աշխարհի ներկա առճակատման պատասխանատվությունն ընկնում է նախեւառաջ հայերի վրա: Տասնամյակներով բոլոր դժբախտությունների համար ռուսները մեղադրում էին հրեաներին, ինչպես որոշ հայերն են անում առ այսօր: Այժմ հրեաների տեղը ռուս ազգայնականի պատկերացման մեջ զբաղեցրեց հայը: Եւ դա միայն ՛՛խոհանոցային՛՛ կամ ՛՛բազարային՛՛ շշուկներ չեն՝ դա նաեւ առաջադեմ ռուս մտավորականության տպավորությունն է: Ահա հատված ռուս ընդդիմադիր ու վտարանդի հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկու թարմ հոդվածից. ՛՛Идет Четвертая мировая война, реванш за поражение СССР в Третьей (холодной) войне. Это излюбленная идея кургинянов, мигранянов и прочих экземпляров соловьевских шоу...՛՛ Կուրղինյանի ու Միհրանյանի անուններին հեշտությամբ կավելացվեն Մարգո Սիմոնյանի, Տիգրան Քեոսայանի, Սեմյոն Բաղդասարովի, Կարեն Շախնազարովի, Արամ Գաբրելյանովի անունները: Բոլորն էլ պուտինյան թատրոնի մենակատարներն են, առաջին դեմքերը: Բոլորն էլ համարվում են ՛՛հայկական լոբբի՛՛: Եւ սրանց սրիկայության ու ստրկամոլության համար պատասխան է տալու ողջ հայ ժողովուրդը, առաջինը՝ հյուսիսային Կովկասի բազմահազարանոց հայ համայնքը, որն առաջին թիրախն ու զոհն է դառնալու տեղի մահմեդականների հակառուսական ապստամբության: Կարելի է չկասկածել, որ թուրք-ազերի քարոզչությունը լավագույնս կօգտվի այդ առիթից, յուղ լցնելով կրակի մեջ: Հետո հերթը կհասնի մոսկվաբնակ հայերին, որոնց հենց ռուսներն են մեղադրելու սեփական երկրի քայքայման համար: Ասում էին, չէ՞ ՝ աչքի լույսի պես փայփայեք ու խնամեք հրեաներին, նրանցից հետո մեզ են կոտորելու... Տիգրան Խզմալյանի գրառումը
