Բոլորին ուղղորդել են, կանաչու առեւտուր էր. Սամվել Բաբայան
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Դատարանում հարցաքննվեցին երեք վկաները: Նրանց երեքի ցուցմունքներն էլ վերաբերում էն Հայաստան խոշոր չափերի գումար տեղափոխելուն: Վկա Արմեն Հակոբյանն, ով Երեւան-Մոսկվա ավտոբուսի վարորդ է եւ պարբերաբար ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Վերջինս ամբաստանյալներին չճանաչեց, դատարանին պատմեց, որ 2016 թ.-ի սեպտեմբերի 18 -ին Մոսկվայից Երեւան է տեղափոխել ծրարով մի փաթեթ, որը սուպերամարկետներից մեկի դիմաց փոխանցել է ոմն Գոռ Շակոյան (գործով վկա): Ըստ նրա ցուցմունքի՝ Մոսկվայից ուղարկված փաթեթի մեջ եղել է 5000 եվրոյի չափով գումար, որը փոխանցել է այս գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին: Ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի ընկերը` վկա Վրեժ Առաքելյանը հայտնեց, որ Դավիթն իրեն տեղեկացրել է դրսից ստացված գումարի մասին, Դավիթն իրեն հնամաշ թղթադրամ է ցույց տվել, սակայն ինքն այդ գումարի հետ որևէ առնչություն չի ունեցել, տեղյակ չէ, թե ինչպես պետք է իրացնեին ներկոտված թղթադրամները: «Թե ինչ առնչություն ուներ Դավիթը ես չգիտեմ, ուղղակի ասեց, որ ներկված գումար կա, ասեցի՝ մենք դրանից չենք հասկանում, արի դնենք մի կողմ: Ներկոտված գումարները դժվար իրանը լիներ, ինքն ասեց ուղղակի կա տենց բան»- մեղադրող դատախազի հարցերին ի պատասխան ասաց վկան: Հարցին, արդյոք Դավիթը դիմե՞լ է նրան`այդ թղթադրամները բանկերում ցածր տոկոսադրույքով փոխելու հարցով, վկան պատասխանեց. «Ինքը, եթե մաքուր փող ա, փող աշխատելը վատ բան չի»: Նա հայտնեց, որ հետագայում է իմացել, որ մեծ պատմություն է դարձել: Դատավորի հարցին, թե քննիչից որևէ դժգոհություն ունեք, ներազդել է, թե՝ ոչ, ամբաստանյալ Սամվել Բաբայանը տեղից արձագանքեց. «Այո, բոլորին էլ ուղղորդել են, ուղղորդված քննություն է վարում»: Դատավորի հարցին՝ դուք ի՞նչ գիտեք, Սամվել Բաբայանը նկատեց. «որովհետև ինձ հետ էլ է եղել…, կանաչու առևտուր էր»:
