Ադրբեջանը նպատակ ունի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով. Արտակ Զաքարյան
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ 2013թ. սկսած Ադրբեջանը շփման գծում շարունակաբար սրում է իրավիճակը, ինչպես նաեւ Հայաստանի հետ պետական սահմանին: Արտակ Զաքարյանի խոսքով, Հայաստանը որդեգրել է առաջնագծում հակառակորդի նախահարձակ ակտիվության սաստման եւ լայնածավալ ռազմական գործողությունների զսպման երկճյուղ միջոցառումներ. «Ադրբեջանը նպատակ ունի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Բանակցային գործընթացքում լուրջ ճեղքում չլինելու դեպքում պետք է համակերպվել այն մտքի հետ, որ առաջնագծում բախումներ են, դրանց էսկալյացիաները կրելու են շարունակական բնույթ: Այս ամենին դիմագրավելու համար մենք որդեգրել ենք առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության պահպանության եւ պաշտպանության իրականացման միջոցառումներ»:
