Պաշտպանության փոխնախարարը նշել է, թե ինչու Հայաստանը չի մասնակցում Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ1994թ. կնքված հրադադարից հետո ադրբեջանական կողմը հետեւողականորեն վարել է ագրեսիվ քաղաքականություն՝ հետապնդելով մեկ նպատակ՝ վերադարձնել հսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ինչպես ասել է՝ Հայաստանի ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և իր գործողությունների մեջ Երևանը վստահ որոշումներ է կայացնում։ «Այս խնդրին արձագանքելու համար միջազգային հանրությանն ուղղված հայկական կողմի կոչերը մեծամասամբ անպատասխան են մնացել: Միաժամանակ Ադրբեջանը սպառազինման քաղաքականությունն է շարունակում՝ ընդլայնելով ձեռքբերվող սպառազինության շուկաներն ու տեսականին, ինչը վկայում է, որ ծախսելով հսկայական միջոցներ սպառազինության վրա, նպատակ ունի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,-ասել է նա: Անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելուն՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին. «Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել»։
