ՄԻՊ-ի ցինիկ պատասխանը՝ Թագուհի Թովմասյանի ու ընդդիմադիրների նկատմամբ բռնությանը (video)
Մեր քաղաքական մշակույթը, կենցաղային մշակույթը պետք է վերափոխվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին ԱԺ ամբիոնից ուժով հեռացնելու փաստին:
«Այս հարցերի հետ կապված մասնավորապես, համաչափության, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլնի առումով մենք արդեն ՄԻՊ-ի աշխատակազմում լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում եւ շուտով մեր մանդատի շրջանակներում հանդես կգանք համապատասխան ոչ թե զուտ հայտարարությամբ, այլ խնդրի լուծմանն ուղղված լուրջ քայլերով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը ապրիլի 20-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։
«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։
Ընդդիմադիր մյուս պատգամավորները մոտեցան Թովմասյանին, ինչից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցները բռնի ուժով դուրս հանեցին ընդդիմադիր պատգամավորներին։
