Այս իշխանությունների գույքը դատախազությունն ուսումնասիրո՞ւմ է. մեկնաբանում է Սրբուհի Գալյանը (video)
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի դատական ակտերը հրապարակվել են, տվյալ անձանց վերաբերյալ իրականացվել են ուսումնասիրություններ եւ կայացվել են հաշտության համաձայնություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը:
Հարցին՝ արդյո՞ք ներկա եւ նախկին իշխանությունների գույքը դատախազությունն ուսումնասիրում է, դատախազն ասաց. «Ես պետք է պահպանեմ տվյալների գաղտնիություն: Ես չեմ կարող ասել՝ որ գործով կա ուսումնասիրություն, որով՝ ոչ, որովհետեւ ուղղակիորեն արգելք կա սահմանված օրենքում: Այսինքն՝ մենք սեփական ցանկությամբ չենք առաջնորդվում, որպեսզի մեր վարքագիծը կառուցենք»:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ դատարանում կան ապօրինի ծագում ունեցող գործեր, որոնք 2 տարի է՝ քննվում են, եւ չկան դատական ակտեր, Գալյանն արձագանքեց. «Դատաքննության փուլում է գործը, կարծում եմ՝ դատաքննությանը կարող եք հետեւել: Այս պահին մենք 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում, եւ դրանցով դատական նիստերը կայանում են: Մենք ունենք օրենքով սահմանված ժամկետներ, գործում ենք օրենքով սահմանված ժամկետների սահմաններում»:
