Լավ լսեք՝ 45 հազար քաղաքացի սոված է քնում. Անդրանիկ Թեւանյանը՝ Նիկոլին ու ՔՊ-ին (video)
ԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականը․ ելույթի իր խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նշեց․
Հարգելի՛ հայրենակիցներ,
5 տարի առաջ այս օրերին տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ: Թե ինչպես դա կանվանենք, շարքային քաղաքացու համար կարևոր չէ: Կարևորն այն է, որ մարդկանց սպասումները չիրականացան, նրանք խաբվեցին։ 2018–ին փողոց դուրս եկած մարդիկ մերժում էին արատավոր երևույթները։ Քաղաքացիների ցանկությունները բնական էին, մղումները՝ արդար ու մարդկային:
2018–ի քաղաքական գործընթացները ցույց տվեցին, թե ինչքան խոցելի է մեր երկիրը, որ լրիվ պատահական ու քաղաքական անհայտ ծագման մարդիկ կարողանում են փողոցից իշխանության գալ՝ չունենալով գիտելիքներ, փորձ, մարդկային անհրաժեշտ որակներ։ Ու չնայած այդ ամենին՝ հրապարակում հավաքվածները, շերեփով դատարկ կաթսային հարվածողները հրաշքի սպասում ունեին, քանզի փողոցի առաջնորդները բարդ խնդիրներին կախարդական փայտիկով պոպուլիստական հեշտ լուծումներ էին առաջարկում։
2018-ին իշխանության եկածները հայտարարեցին, որ մենք արդեն իսկ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում։ Խոստացվում էր, որ լինելու է սիրո և համերաշխության մթնոլորտ: Իրական կյանքում ստացանք ճիշտ հակառակը։
