Պարզվել է «Ռոսիա մոլ»-ի մոտ մահվան ելքով վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրգործի շրջանակում Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում «Ռոսիա մոլ»-ի դիմաց վրաերթի հետևանքով մահացած կինը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 70-ամյա Նոռա Մեսրոպյանն էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, Toyota Camri մակնիշի 35 MG 119 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ով եղել է 60-65 տարեկան կին: Վարորդը իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին կինը մահացել էր: Վարորդը մեղայականով ներկայացել էր ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին: Մանրամասները՝ այստեղ:
