Աշոտյանը կոչ է անում Իսրայելին ամբողջությամբ բացահայտել անօդաչուների հետ կապված միջադեպը
Իսրայելը պետք է հետևողական լինի Արցախում ԱԹՍ-ների հարվածների հետ կապված միջադեպի բացահայտման հարցում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ «Եթե «Մաարիվ» թերթի բացահայտումը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, ապա իսրայելական կողմի պարտավորությունն է հումանիտար և միջազգային իրավունքի տեսակետից հետևողականորեն բացահայտել այս միջադեպը մինչև վերջ։ Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից աշխատանքները դրական են ընկալվում, բայց մենք կարծում ենք, որ կարիք կա այս միջադեպի հիման վրա ամբողջական բացահայտումներ անել»,- նշեց Աշոտյանը: Ըստ Աշոտյանի՝ ԱԹՍ-ների պատմությունը լավ առիթ է Իսրայելի համար՝ ցույց տալու իրենց վերաբերմունքի անկեղծ լինելը Հայաստանի հանդեպ։ Օրեր առաջ Aeronautics Defense Systems իսրայելական ընկերությունը կասեցրել է անօդաչու թռչող սարքերի վաճառքը։ Maariv իսրայելական թերթը գրել էր, որ ԱԹՍ իսրայելական օպերատորները հրաժարվել էին հարձակում գործել հայկական դիրքերի ուղղությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ ԱԹՍ-երի նոր մատակարարման պայմանները քննարկելու համար պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Ադրբեջանցի զինվորականները մերժում են ստացել այդ զինտեխնիկան ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմի վրա փորձարկելու համար։
