Արթուրը՝ Արթուրի փոխարեն
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն շուրջ մեկ ամիս է՝ նոր տնօրենի պաշտոնակատար ունի: Նախկին տնօրեն Արթուր Թունյանին փոխարինել է Արթուր Խաչատուրյանը, ով նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով: Փաստորեն, Խաչատուրյանը 2-3 օրվա տարբերությամբ նշանակվել է երկու պաշտոնում՝ օգոստոսի 2-ին ԷԿԵՆԳ-ի տնօրենի պաշտոնակատար, 4-ին՝ խորհրդական: Նշենք, որ Արթուր Թունյանը նույնպես խորհրդականի պարտականությունները համատեղում էր ԷԿԵՆԳ-ի տնօրենի պաշտոնի հետ. նա կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, այժմ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խորհրդականն էր: Թե ինչ աշխատանքի է անցել այժմ Թունյանը, ԷԿԵՆԳ-ից չհայտնեցին: Մեր տեղեկություններով՝ Թունյանը շարունակելու է պետական աշխատողի իր գործունեությունը ՏՏ ոլորտում: Ըստ ամենայնի՝ նրան կվերապահվի Mobile ID համակարգի ներդրման և բջջային հեռախոսի միջոցով նույնականացման ծրագրի համակարգումը: Կառավարության որոշումն այդ ծրագրի մասին կառավարությունն ամիսներ առաջ է ընդունել: Այն գործարկվելու է հոկտեմբերի 1-ից: Ծրագրի ներդրման «կնքահայրը», ինչպես պետական կառավարման համակարգում նմանատիպ այլ ծրագրերի դեպքում է, նույն Դավիթ Հարությունյանն է՝ Թունյանի կարիերայի «կնքահայրը»: Շատերի պնդմամբ՝ պետության անվան տակ քողարկված IT, ինչպես նաև ավիաոլորտում բիզնեսով զբաղվելն էլ «սանիկի» տարերքն է»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
