Շիրխանյանը պետք է կազմակերպեր Արթուր Վարդանյանի և Սեյրան Օհանյանի հանդիպումը. լրագրողը ԱԱԾ գործակա՞լ
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց հրապարակել քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքը:Սակայն Լիլիթ Թորոսյանը հրաժարվեց պատասխանել դատարանի հարցերին եւ չցանկացավ, առհասարակ, ցուցմունք տալ դատարանում: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը չէր ցանկանում, որպեսզի դատարանը հրապարակի Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ, ըստ Ալումյանի՝ նրա ցուցմունքները կազմում են իր պաշտպանյալի մեղադրանքի ամբողջ հիմքը, եւ եթե նա դատարանում հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա նրա ցուցմունքի հրապարակումն ու օգտագործումը դատավճիռ կայացնելիս անթույլատրելի է: Ըստ Լիլիթ Թորոսյանի ցուցմունքի` ինքը որևէ կապ չունի և չի համագործակցել զինված խմբի հետ: Նա նշել է, որ քանի որ լրագրող է, Արթուր Վարդանյանի հետ դեպքից ամիսներ առաջ ծանոթացել է համացանցի միջոցով, այնուհետև հեռախոսի միջոցով օր ու ժամ են պայմանավորվել` Քեսաբի ազատագրման մասին հարցազրույց վերցնելու համար: Նրա հետ երկու հարցազրույց է ունեցել: Նա նշել է, որ Արթուր Վարդանյանը որևէ անգամ չի նշել, որ ցանկանում է ստեղծել հանցավոր համագործակցություն, ինքը երբևէ չի եղել Նորք-Մարաշում վարձակալած նրա տանը, նրա մոտ երբեք չի տեսել զենք-զինամթերք: Լիլիթ Թորոսյանն իր նախաձեռնությամբ նախաքննական մարմնին է ներկայացրել այն համակարգիչը, որի մեջ առկա են եղել գործին վերաբերող երկու ձայնագրություններ: Դրանք Արթուր Վարդանյանի և Վահան Շիրխանյանի ու Արթուր Վարդանյանի և Պարգև Սրբազանի միջև տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրություններն են: Վահան Շիրխանյանի հետ խոսակցությունը արվել է Արթուր Վարդանյանի նախաձեռնությամբ: Նշել է, որ Գառնիկ Մարգարյանի ու Արթուր Վարդանյանի հետ հանդիպել է Երևանում... Այնուհետև, դիմելով դատարանին, Հայկ Ալումյանը հայտարարեց. «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Լիլիթ Թորոսյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ դեռեւս մինչեւ Վահան Շիրխանյանի հետ ծանոթանալը: Նա Շիրխանյանի հետ խոսակցությունները վարել է` ունենալով ԱԱԾ հանձնարարությունը, եւ մի շարք հարցեր ունեմ նրան տալու: Սակայն նա հրաժարվում է ցուցմունք տալուց, այդ պատճառով էլ միջնորդում եմ չհրապարկել նրա նախաքննական ցուցմունքը»: Սակայն Լիլիթ Թորոսյանը կրկին հրաժարվեց որևէ հայտարարություն անելուց:
